ՔԿ-ն պատրաստվում է առգրավել Արցախի Հանրապետության նախագահի ծառայողական ավտոմեքենան․ փաստաբան
Քննչական կոմիտեն պատրաստվում է առգրավել սեփականության իրավունքով Արցախի Հանրապետությանը պատկանող ավտոմեքենան, որը նախագահի թիկնազորի ավտոմեքենան է և այն վարում է Աշոտ Դանիելյանը․ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ քննիչները մուտք են գործել Արցախի Հանրապետության ներկայացուցչություն, և չնայած Աշոտ Դանիելյանից մերժում ստանալուն, քննիչներն առանց փաստաթուղթ ցույց տալու տարհանող մեքենա են կանչել՝ առգրավելու մեքենան»,- նշել է փաստաբանը։
«Քննիչները պատճառաբանել են, որ իբրև թե թմրանյութերի իրացման վարույթով են առգրավում, քանի որ մեքենան, իբրև թե, վարվում էր կեղծ համարանիշներով։ Այս համարանիշները կեղծ չեն, դրանք գրանցված են թե՛ ՀՀ, թե՛ Արցախի Հանրապետության ՃՈ-ում, հաշվառված են՝ որպես ավտոմեքենայի համարանիշներ։ Անհիմն պատճառաբանություններով ՔԿ-ն պատրաստվում է առգրավել Արցախի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող մեքենան»,- ասել է փաստաբանը։