
Հայաստանի Հանրապետությունը նո՞ր է հիմնադրվում․ Պողոսյանը՝ Սահմանադրության նախագծի մասին
Նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղում չանելը խզում է Հայաստանի պետականության պատմական հիմքերի հետ կապը․ ABC Media-ի հետ զրույցում ասաց գործող Սահմանադրության համահեղինակ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
«Երբ մի երկիր ընդունում է նոր Սահմանադրություն, եթե պատմականորեն չի հիմնավորվում, թե դուք ով եք, ինչ պետություն եք, ինչու եք պետություն, ինչու եք անկախ պետություն, այդ Սահմանադրությունը դառնում է օդից կախված»,- ասաց Պողոսյանը։
Սահմանադրագետի խոսքով՝ գործող Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը պատահական չէ․ այն ամրագրում է հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։ Նոր նախագծում, սակայն, այդ դրույթները բացակայում են։ Պողոսյանի համոզմամբ՝ նախագծի նախաբանի և առաջին հոդվածի համադրությունից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվում է նոր Սահմանադրության ընդունումից հետո միայն։
«Ստացվում է, որ մենք այսօր ինչ-որ անհասկանալի կազմակերպության մեջ ենք գտնվում, որը Հայաստանի Հանրապետություն չէ»,- ասաց սահմանադրագետը։
Պողոսյանի գնահատմամբ՝ Անկախության հռչակագրի դրույթների դուրսբերումը նշանակում է նաև հրաժարում այնտեղ ամրագրված համազգային նպատակներից։ Դրանց թվում նա առանձնացնում է Արցախի հարցն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին աջակցելու պարտավորությունը։
«Անկախության հռչակագրով Հայաստանի հանրային իշխանություններին պարտադրվում էր միջազգային ատյաններում սատար կանգնել ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Դա վերացել է Սահմանադրությունից»,- ընդգծեց սահմանադրագետը։
Նա ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ նոր նախագծում բացակայում է «հայ ժողովուրդ» ձևակերպումը, որն առկա է գործող Սահմանադրության նախաբանում։ Պողոսյանի կարծիքով՝ սա ևս վկայում է ազգային ինքնության և պատմական արմատների հետ կապը թուլացնելու միտման մասին։
Սահմանադրագետի մյուս մտահոգությունը պետական խորհրդանիշների սահմանադրական ամրագրման փոփոխությունն է։ Նոր նախագծում ամրագրված չեն զինանշանի և դրոշի նկարագրությունները։ Պողոսյանը կարծում է, որ սա կարող է հետագայում հիմք դառնալ պետական խորհրդանիշների փոփոխության համար։
«Առավել քան համոզված եմ, որ եթե այս Սահմանադրության նախագիծը դառնա Սահմանադրություն, այդ զինանշանի մեջ Արարատ լեռ չի լինելու»,- նշեց նա՝ չբացառելով նաև Եռագույնի փոփոխությունը։
Պողոսյանը հիշեցրեց՝ Արարատը Հայաստանի պատմական հիշողության խորհրդանիշն է, և դրա պատկերումը զինանշանին չի կարող ինքնին դիտվել որպես տարածքային հավակնություն կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խոչընդոտ։
Անդրադառնալով նախագծում տեղ գտած՝ «միջազգայնորեն ճանաչված տարածքում պետականություն կառուցելու» ձևակերպմանը՝ սահմանադրագետն այն համարում է խնդրահարույց։ Նրա համոզմամբ՝ այդ մոտեցմամբ խզվում է կապը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի և Հայաստանի անկախ պետականության գաղափարի միջև։
Պողոսյանը նաև զգուշացրեց, որ նոր Սահմանադրությունը կարող է սահմանափակել ապագա իշխանությունների՝ համազգային նպատակներ առաջադրելու հնարավորությունները։ Նրա խոսքով՝ ապագայում Սահմանադրական դատարանը կարող է նման նպատակները հակասահմանադրական համարելու հիմքեր տեսնել, եթե դրանք չհամապատասխանեն նոր Սահմանադրության դրույթներին։
«Ամեն ինչ արվում է, որ դուք այլևս չունենաք պատմականության վրա հենված անկախ հայկական պետականություն»,- եզրափակեց սահմանադրագետը։
Անի Աբաղյան


