
«Ադրբեջան» նշելուց խուսափելու հնարավորություններ կան․ Արտակ Բեգլարյան
Արցախցիների կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դիմաց «Ադրբեջան» նշելուց խուսափելու մի քանի տարբերակ կա, և միջազգային ստանդարտները նման հնարավորություն տալիս են․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարությունը մոլորեցնում է քաղաքացիներին՝ պնդելով, թե միջազգային չափանիշները պարտադրում են ծննդավայրի դաշտում պետության անվանում նշել։
Բեգլարյանը նշեց, որ ICAO-ի և ISO-ի ստանդարտները ոչ միայն պարտադիր չեն համարում պետության անվան նշումը, այլև նախատեսում են տարբերակներ վիճելի տարածքներում և հակամարտությունների պայմաններում ծնված անձանց համար՝ հաշվի առնելով քաղաքական զգայունությունը։
Նրա խոսքով՝ հնարավոր լուծումներից մեկը ծննդավայրի դաշտում միայն բնակավայրի՝ քաղաքի կամ գյուղի անվանումը նշելն է, մյուսը՝ նախկին պետության անվանումն օգտագործելը։ Մասնավորապես, մինչև 1991 թվականը Արցախում ծնված անձանց դեպքում, ըստ Բեգլարյանի, կարելի է նշել Խորհրդային Միությունը։
«Այն արցախցիների պարագայում, որոնք ծնվել են մինչև 1991 թվականը, պետք է նշվի ԽՍՀՄ, ոչ թե Ադրբեջան։ Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք ԽՍՀՄ-ում։ Ադրբեջանը այդ պետության միավորներից մեկն էր, իսկ մեր ծննդականը տրվել է ԽՍՀՄ-ի կողմից»,- ասաց Արցախի նախկին պետնախարարը։
1991 թվականից հետո ծնված արցախցիների դեպքում, Բեգլարյանի խոսքով, պետք է հիմք ընդունել ծննդյան վկայականներում առկա տվյալները։ Նա վիճարկում է նաև ՆԳՆ-ի այն պնդումը, թե ծննդավայրի դաշտում պետության անվան բացակայությունը կարող է խնդիրներ առաջացնել սահմանահատման ժամանակ։ Բեգլարյանի խոսքով՝ ICAO-ի ստանդարտներով ծննդավայրի դաշտը մեքենայաընթեռնելի դաշտերի շարքին չի պատկանում, հետևաբար այդտեղ պետության անվան բացակայությունն ինքնին չի կարող խոչընդոտել փաստաթղթի մեքենայաընթերցմանը։
Բեգլարյանի գնահատմամբ՝ խնդրի իրավական հիմքը «Հայաստանի Հանրապետության անձը հաստատող փաստաթղթերի մասին» նոր օրենքն է։ Նրա խոսքով՝ նախկին կարգավորումը պարտադրում էր նշել ծննդավայրը՝ բնակավայրը, սակայն պետության անվան նշումը պարտադիր չէր։ Այդ հնարավորությունից օգտվել են նաև արցախցիները։
«Վերջին տարիներին արցախցիները, ովքեր ցանկանում էին, որ իրենց անձնագրում Ադրբեջան չնշվի, պարզապես բնակավայրն էին նշում։ Իմ անձնագրում, որը ստացել եմ 2024 թվականին, նշված է Ստեփանակերտ։ Նույնականացման քարտում էլ ծննդավայրը նշված է Հայաստանի Հանրապետություն։ Հիմա ցանկանում են՝ իմ նոր կենսաչափական անձնագրում գրել Ադրբեջան»։
Արցախի նախկին պետնախարարը կարծում է, որ անձնագրում ծննդավայրի նշման հարցում առաջնային պետք է լինի ծննդյան վկայականը, իսկ եթե անձը հակամարտության կամ այլ հանգամանքներով պայմանավորված առարկություններ ունի այդ տվյալների նկատմամբ, պետք է հաշվի առնվի նաև նրա կամքը։
Բեգլարյանի խոսքով՝ ծննդյան վկայականի տվյալները հիմք ընդունելու մոտեցումը բխում է նաև մարդու իրավունքների միջազգային դատական պրակտիկայից։ Նա հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներում անդրադարձ կա անձի ինքնության և ծննդավայրի վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հարցերին։
Նրա գնահատմամբ՝ անձնագրում «Ադրբեջան» նշելը կարող է հանգեցնել մի շարք իրավական և գործնական խնդիրների։ Առաջինը, ըստ նրա, անձի ինքնության և արժանապատվության իրավունքի խախտումն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով։
Բացի այդ, կարող են խնդիրներ առաջանալ այլ երկրներում փաստաթղթեր ստանալու, քաղաքացիություն ձեռք բերելու կամ անձի նույնականացման ընթացքում, եթե անձնագրում և ծննդյան վկայականում ծննդավայրի վերաբերյալ տվյալները տարբեր լինեն։
«Եթե ծննդականի մեջ գրված չէ Ադրբեջան, իսկ անձնագրում գրված լինի Ադրբեջան, հատկապես 1991 թվականից հետո ծնվածները կարող են բավականին լուրջ քաշքշուկների մեջ հայտնվել և, օրինակ, այլ երկրում նույնիսկ անձնագիր կամ քաղաքացիություն չստանալ»,- բացատրեց Բեգլարյանը։
Նա նաև մտահոգություն հայտնեց, որ որոշ վիճակներում անձը կարող է նույնականացվել Ադրբեջանի հետ, ինչը կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնել։ Որպես օրինակ՝ Բեգլարյանը նշեց այն դեպքը, երբ անձը կարող է Ադրբեջանի կողմից հետախուզվել, մինչդեռ փախստականի կարգավիճակ ունի և միջազգային իրավունքի համաձայն չի կարող արտահանձնվել Ադրբեջանին։
Հարցին, թե ինչ անել այն դեպքում, երբ արցախցիները չեն ցանկանում անձնագրում ունենալ «Ադրբեջան» անվանումը, իսկ Հայաստանի իշխանություն կարող է խուսափել Ադրբեջանի հետ հարաբերություններում խնդիրներից և չցանկանալ նշել Ստեփանակերտ, Հադրութ կամ այլ բնակավայր, Բեգլարյանը պատասխանեց, որ տարբերակներից մեկը ծննդավայրի դաշտն ընդհանրապես չլրացնելն է։ Մյուսը՝ ծննդյան վկայանում ինչպես գրված է, այդպես լրացնելը։
«Կապ չունի՝ հիմա քաղաքական դիրքորոշումը կամ որոշումը ինչպես է փոխվել իշխանության մոտ։ Կարևոր է, թե տվյալ պահին այդ վայրում գործող վարչական մարմինն ինչ վարչական ակտ է կայացրել և ինչ փաստաթուղթ է տվել տվյալ անձին»,- ասաց Բեգլարյանը։
Նա այս համատեքստում հիշեցրեց նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որով, ըստ նրա, Ադրբեջանին հանձնարարվել է ճանաչել և հաշվի առնել Արցախի տեղական իշխանությունների տրամադրած վարչական փաստաթղթերը, այդ թվում՝ ծննդյան, մահվան և ամուսնության վկայականները։ Բեգլարյանի գնահատմամբ՝ խնդրահարույց է, որ Հայաստանը, որն ինքն էր դիմել Արդարադատության միջազգային դատարան, այժմ չի կիրառում այդ դատարանի որոշումից բխող մոտեցումը։


