24 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք կարող էինք բնակավայրը նշել, բայց ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը․ ՆԳ նախարարը՝ արցախցիների ծննդավայրն Ադրբեջան նշելու մասին

Մենք կարող էինք բնակավայրը նշել, բայց ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը․ ՆԳ նախարարը՝ արցախցիների ծննդավայրն Ադրբեջան նշելու մասին

Մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով ICAO-ի փորձագետների հետ մեր կոնսուլտացիաները, հընթացս տարբեր վիճակներում, տարբեր պետությունների համար ծագած խնդիրները․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելու որոշմանը։

«Մենք որոշել ենք նշել պետությունը, այլ ոչ թե կոնկրետ քաղաքը, որովհետև քաղաքների կրկնության կամ միջազգային ստանդարտներում չնշված լինելու տեսանկյունից կարող են սահմանին խնդիրներ առաջանալ»,- ասաց նախարարը։

Որպես օրինակ՝ նա հիշատակեց Ուրուգվայի դեպքը։ Ըստ Սարգսյանի՝ 2025 թվականին Ուրուգվայը խնդիրներ է ունեցել Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, քանի որ իր քաղաքացիների անձնագրերում ծննդավայրի դաշտը լրացված չի եղել։ Արդյունքում երկիրը փոխել է մոտեցումը և վերադարձել ծննդավայրի նշումով անձնագրեր տրամադրելուն։

Անդրադառնալով առաջարկին՝ ծննդավայրի դաշտում պետության փոխարեն նշել Ստեփանակերտը, Հադրութը կամ այլ բնակավայր, Սարգսյանը պնդեց, որ այդ դեպքում ևս պետք է առաջնորդվել ISO ստանդարտով։ Նրա խոսքով՝ այդ ստանդարտում արցախցիների ցանկալի տեղանունները ներկայացված չեն այն անվանումներով, որոնք նրանք ակնկալում են տեսնել իրենց փաստաթղթերում։

«Եթե բացեք ISO ստանդարտը, կնկատեք, որ տեղանունները միջազգայնորեն ընդհանուր առմամբ ճանաչված տերմիններով են կոչվում, և այն անվանումները, որոնք մեր հայրենակիցներն ակնկալում են տեսնել անձնագրում, այդպիսի բան չէինք կարող իրականացնել։ Մենք գնացել ենք ավելի գլոբալ ճանապարհով, որպեսզի նշենք կոնկրետ պետության տարածքը։ Դրա համար նախատեսված է Ադրբեջանի Հանրապետությունը»,- հայտարարեց ՆԳ նախարարը։

Լրագրողի դիտարկմանը, որ ICAO-ի ստանդարտը պահանջում է հաշվի առնել նաև քաղաքական զգայունությունները, այդ թվում՝ հակամարտության գոտիներում ծնված անձանց դեպքում, Սարգսյանը պատասխանեց, որ այդ հանգամանքը նույնպես հաշվի է առնվել։

Նրա խոսքով՝ Հայաստանի ընտրած տարբերակը հենց այդ հանգամանքների և միջազգային խորհրդակցությունների արդյունքն է։

Նախարարը նաև ընդգծեց, որ միջազգային ստանդարտը չի նախատեսում, որ քաղաքացին անձնական ցանկությամբ կարող է որոշել՝ ինչ նշում լինի իր անձնագրում։

«Դա ոչ թե անձի ցանկությունն է՝ ուզել կամ չուզել, որ իր անձնագրում ինչ-որ բան նշվի, այլ պետությունների որոշումն է՝ ծննդավայրի դաշտը նշվի՞, և թե ինչպե՞ս նշվի։ Քաղաքացու ցանկությամբ նման բան թույլ տալ չենք կարող։ Եթե մեկը այցելի գրասենյակ և ասի՝ ես չեմ ցանկանում, որ ծննդավայրի դաշտում որևէ բան նշվի, այդպես լինել չի կարող»,- հայտարարեց նա։

Արփինե Սարգսյանը հակադարձեց նաև այն դիտարկմանը, թե այս որոշմամբ Հայաստանի իշխանություններն ընդունում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է եղել, և արցախցիները ծնվել են Ադրբեջանում։

Նրա խոսքով՝ արցախցիների իրավական կարգավիճակի հարցը կարգավորվել է 2023 թվականին՝ Կառավարության որոշմամբ, իսկ ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Նախարարը հավելեց, որ ուրախ է՝ շուրջ 50 հազար արցախցի արդեն դիմել և ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

«Մենք չենք կարող չնշել ծննդյան վայրը։ Մենք կտրվել ենք բոլոր հնարավոր գնահատումներից, առաջնորդվել ենք միջազգային պրակտիկայով, միջազգային կոնսուլտացիաներով, որոնք կօգնեն, որ մեր հայրենակիցները սահմանին որևէ խնդիր չունենան։ Երբ սահմանին խնդիր առաջանա, ոչ թե այդ կարծիքները հնչեցնողներն են գնալու և օգնելու հայրենակցին, այլ Հայաստանի Հանրապետությունը, և մենք պիտի դաշտ թողնենք»,- եզրափակեց Սարգսյանը։

Անի Աբաղյան

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ