24 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը փաստացի մերժում է արցախցիների հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքը․ համատեղ զեկույց է հրապարակվել

Ադրբեջանը փաստացի մերժում է արցախցիների հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքը․ համատեղ զեկույց է հրապարակվել

Արցախ Միության, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի համագործակցությամբ պատրաստվել և հրապարակվել է նոր փաստահավաք զեկույց՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացմանը և բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի խոչընդոտներին․ ասված է համատեղ պատրաստված զեկույցում։

«Զեկույցի համահեղինակների թվում են նաև Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը և գործադիր խորհրդի անդամ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Աշխատանքն իրականացվել է «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» և «Սատար Արցախին» ֆրանսահայ կազմակերպության աջակցությամբ։

Փաստաթղթում արձանագրվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում շարունակվում է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Ադրբեջանը փաստացի մերժում է արցախցիների հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքը՝ ոչնչացնելով նրանց բնակավայրերն ու այն մշակութային միջավայրը, որտեղ սերունդներ շարունակ ձևավորվել է նրանց ինքնությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից իրականացվող այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում հայկական բնակավայրերի ապօրինի վերաբնակեցման գործընթացին և դրա ծանր հետևանքներին՝ տեղահանված արցախցիների իրավունքների տեսանկյունից։

Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների այդ խախտումներն ու հանցագործությունները կատարում է ոչ միայն միջազգային նորմերի, այլև հենց արցախցիների իրավունքների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի մի շարք հրամանների կոպտագույն խախտումներով:

Հեղինակ կազմակերպությունները կոչ են անում միջազգային հանրությանն ու իրավասու կառույցներին գործուն և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության ու սեփականության հետագա ոչնչացումը, ապահովելու դրա պահպանությունն ու հասանելիությունը Արցախի ժողովրդի համար, ինչպես նաև պաշտպանելու նրանց՝ անվտանգ և արժանապատիվ պայմաններում հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքը»,- ասված է հայտարարությունում։

Զեկույցի ամբողջական տարբերակն՝ այստեղ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ