
Արցախցիների կենսաչափական անձնագրերում «Ադրբեջան» նշելու որոշումը չի վերանայվի․ Նելլի Դավթյան
Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելու որոշումը վերանայելու հիմքեր այս պահին չկան․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու նշեց՝ որոշումը կայացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ քաղաքացիների արձագանքներում նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, որոնք կարող էին հիմք դառնալ այն վերանայելու համար։
«Մենք գործ ունենք նոր օրենքի հետ՝ անձը հաստատող փաստաթղթերի մասին օրենքի, և դրանից բխող երկու իրավակարգավորումների հետ։ Խոսքը 2026 թվականի հոկտեմբերի 29-ին ընդունված կառավարության երկու որոշումների մասին է՝ 1583 և 1581։ Մեր կառավարության հանձնառությունն է եղել նոր սերնդի այնպիսի փաստաթուղթ ունենալ՝ հատկապես ճամփորդական փաստաթուղթ, որը միջազգային սահմաններում կիրառելի կլինի, փոխճանաչելի կլինի աշխարհում և ամբողջ ծավալով ընդունելի»,- ասաց Դավթյանը։
Նրա խոսքով՝ օրենքով ամրագրվել է, որ ծննդավայրի դաշտում պետք է նշվի պետությունը, իսկ կառավարության որոշմամբ հղում է կատարվել ICAO 9303 ստանդարտին, որն իր հերթին հղում է կատարում ISO 3166 ստանդարտին։
Դավթյանի խոսքով՝ այդ ստանդարտը հնարավորություն է տալիս ծննդավայրի դաշտը լրացնել երեք տարբերակով՝ ընդհանրապես չնշել ծննդավայրը, նշել պետությունը կամ նշել այլ աշխարհագրական միավոր։ Հայաստանի Հանրապետությունն ընտրել է պետությունը նշելու տարբերակը։
Անդրադառնալով այն առաջարկներին, որ կարելի էր անձնագրում նշել ոչ թե պետությունը, այլ աշխարհագրական վարչատարածքային միավորը՝ Դավթյանը պարզաբանեց, որ այդ դեպքում պետք է առաջնորդվեին ISO 3166-2 ստանդարտով, որտեղ ներառված են պետությունների ներսում աշխարհում փոխճանաչելի վարչատարածքային միավորները։ ABC Media-ի ճշտող հարցին՝ «Օրինակ՝ Խանքենդի, Շուշա պետք է գրեիք», ասաց՝ այո, հավելելով՝ դա ավելի ցավոտ կլիներ։
Ծառայության պետը նաև բացառեց ծննդավայրի դաշտն ընդհանրապես չնշելու տարբերակը։ Որպես հիմնավորում՝ նա բերեց Ուրուգվայի օրինակը։ Ըստ Դավթյանի՝ 2025 թվականին Ուրուգվայը նոր սերնդի կենսաչափական անձնագրեր էր թողարկել առանց ծննդավայրի նշման, ինչից հետո Գերմանիայի և Ֆրանսիայի սահմաններին քաղաքացիները լրացուցիչ նույնականացման խնդիրների էին բախվել։
«Միջազգային փորձը և միջազգային որակավորված մասնագետների հետ մեր խորհրդակցությունները ցույց են տվել, որ ծննդավայրի դաշտի բացակայությունը անձնագրում խնդիրներ է առաջացնում։ Սահմանապահի մոտ ամենատիպային ստանդարտ սարքը, որը ճանաչում է կրիչը, սխալ է տալիս, երբ ծննդավայրի դաշտը բացակայում է։ Մենք ընտրել ենք ամենաապահով, ամենաստանդարտացված ճանապարհը»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ Ուրուգվայը ստիպված է եղել վերադառնալ ծննդավայրի նշումով անձնագրեր տրամադրելուն։
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի հետևում Կանադայի և Մեծ Բրիտանիայի օրինակին, որտեղ ծննդավայրի նշումը պարտադիր չէ, Դավթյանը պատասխանեց, որ Հայաստանի դեպքում նման տարբերակն ընդունելի չի համարվել։ Նրա խոսքով՝ նախկինում ծննդավայրի դաշտը տարբեր ձևերով լրացնելու պրակտիկան հանգեցրել է բնակչության պետական ռեգիստրում չստանդարտացված տվյալների կուտակման։
Դավթյանի խոսքով՝ ISO 3166 ստանդարտի ավելի վաղ խմբագրություններում ևս հնարավոր չէ գտնել «Ղարաբաղ», «Լեռնային Ղարաբաղ» կամ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները։
Հարցազրույցի ընթացքում լրագրողը ներկայացրեց իր անձնական օրինակը՝ նշելով, որ ծննդյան վկայականում ծննդավայրի դիմաց գրված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Հադրութի շրջան, գյուղ Մեծ Թաղեր», մինչդեռ նոր անձնագրում այդ դաշտը չի համապատասխանի ծննդյան վկայականի տվյալներին։
Դավթյանը պատասխանեց, որ ծննդյան վկայականը ճամփորդական փաստաթուղթ չէ, և դրա վրա նշված տեղանունը անձնագիր տեղափոխելը դուրս կբերի փաստաթուղթը միջազգային ստանդարտից։
«Ծննդյան վկայականում մենք կարող ենք գտնվել շատ ավելի ճկուն, բայց ծննդյան վկայականի տեղանունը անձնագրի դաշտում արտացոլելով՝ մենք արդեն դուրս կգանք ստանդարտից։ Ճամփորդական փաստաթղթերի ոլորտը կարգավորվում է ICAO 9303-ով։ Ծննդյան վկայականը ճամփորդական փաստաթուղթ չէ»,- ասաց նա։
Հարցին, թե ինչու արցախցիների համար այլ լուծում չի առաջարկում պետությունը՝ հաշվի առնելով հակամարտության թարմ լինելը և այն հանգամանքը, որ շատերը չեն ցանկանում իրենց ծննդավայրի դիմաց տեսնել «Ադրբեջան» անվանումը, Դավթյանը նշեց, որ միջազգային ստանդարտը չի նախատեսում առանձին խմբերի համար տարբեր մոտեցումներ։
«Մեր ստանդարտը նման մեխանիզմ բնականորեն չի կարող նախատեսել՝ առանձնացնել քաղաքացիների մի խումբ և նրանց համար առանձին կարգավորում սահմանել»,- ասաց նա։
Արդյոք արցախցիների բողոքները, դիմումներն ու դժգոհությունները կարո՞ղ են ընթացք ստանալ և հիմք դառնալ որոշումը վերանայելու համար։ Դավթյանը պատասխանեց, որ վարչարարության ընդհանուր հիմունքներով բոլոր բողոքները պատասխան ստանում են, սակայն այս պահին որոշումը վերանայելու անհրաժեշտություն չկա։


