
Բաքուն ողջունել է ՀՀ նոր սահմանադրության նախագիծը, բայց այն մեծ ռիսկեր է պարունակում Փաշինյանի համար․ միջազգային մամուլ
Հայաստանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Սա կարևոր քայլ է վաղեմի հակառակորդ Ադրբեջանի հետ պաշտոնական խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ․ մի քայլ, որը ողջունվել է Բաքվի կողմից և մեծ ռիսկեր է պարունակում Փաշինյանի համար․ գրում է Reuters-ը։
2018-ի փողոցային ակցիաների արդյունքում իշխանության եկած Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե հայ ժողովուրդը հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը։ Այս քայլը կհանգեցնի արտահերթ ընտրությունների, որոնցում նա խոստացել է չառաջադրվել։
Իրավապաշտպան խմբերը Փաշինյանին մեղադրում են ավտորիտարիզմի համար. նրա ընդդիմախոսներից շատերը հայտնվել են բանտում կամ գտնվում են տնային կալանքի տակ։
The Washington Post-ը գրել է, որ Փաշինյանը փորձում է Հարավային Կովկասի այս պետությունն ուղղորդել դեպի Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ հարաբերություններ՝ չնայած Ռուսաստանի հետ ունեցած վաղեմի կապերին, որոնց պահպանման օգտին հանդես են գալիս նրա քննադատները։
Սահմանադրության նախագիծը նաև ընդլայնում է նախագահի լիազորությունները և խստացնում բնակության վայրի հետ կապված պահանջները քվեարկել ցանկացող հայերի համար՝ դրանով իսկ սահմանափակելով Ռուսաստանում և այլ երկրներում գտնվող հայկական սփյուռքի ազդեցությունը։
Այն նաև ամրագրում է պահանջ, ըստ որի՝ Հայ առաքելական եկեղեցու և հայկական պետության միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով։


