
ԵՄ էլիտաները դիրքերը պահում են՝ «Պուտին հրեշ»-ի կերպար խաղացնելով միայն․ քաղաքագետ
Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարում է, որ ԵՄ-ն ուկրաինական պատերազմից ի վեր Ուկրաինայի համար ծախսել է ավելի քան 235 միլիարդ եվրո․ գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Գործնականում ԵՄ-ն ուկրաինական պատերազմի համար ծախսել է շատ ավելի շատ։ Պետք է հաշվել, թե ինչքան է կորցրել ԵՄ տնտեսությունը՝ ռուսական էներգակիրներից զրկվելու և ԱՄՆ-ից ավելի թանկ ներկրումներ իրականացնելու հետևանքով։ Պետք է հաշվել, թե որքան է կորցրել ԵՄ-ն ուկրաինացի փախստականների վրա ծախսվող փողի տեսքով։ Եթե հանրագումարի բերենք այդ ամենը, ապա ըստ էության կստացվի շատ ավելի փող, քան ներկայացնում է Ֆոն Դեր Լայենը։
Այդ ամենը հանվել է եվրոպական տնտեսությունից, ու մինչև հիմա պարզ չէ, թե ինչ է ստացել Եվրոպան այդ ամենի դիմաց։ Ստացվածը պետք է լիներ Ռուսաստանի «ռազմավարական պարտությունը», բայց արի ու տես, որ «ռազմավարական պարտության» շրջափուլում հայտնվել Եվրոպան ինը, ինչի վկայություն է այն, որ Եվրոպան այսօր տեղ չի զբաղեցնում աշխարհակարգային քննարկումների գլխավոր սեղանի շուրջ, որ «գցվեց» նոյեմբերի 19-ին Շենչժենում։
Ավելին, այդ ամենին զուգահեռ, խորանում է Եվրոպայի տնտեսական համակարգի ճգնաժամն՝ իր հետ բերելով հանրային դժգոհության աճ։ Ու ԵՄ էլիտաներն այսօր իրենց դիրքերը պահում են միայն՝ «Պուտին հրեշ»-ի կերպար խաղացնելով և այ կերպ իրենց ընդդիմախոսների իրավունքներն ու հնարավորությունները սահմանափակելով։
Սա թերևս բացառիկ իրավիճակ է միջազգային հարաբերություններում, երբ դու կորցնում ես ռազմավարական իմաստով, բայց դու էլ վճարում ես քո կորուստների համար հարյուրավոր միլիարդ եվրոներ։ Բայց, ցավոք, հաշվի առնելով, թե ինչ ինտելեկտուալ մակարդակ է այսօր ԵՄ բարձր պաշտոններում, այդ հետևանքը դառնում է միանգամայն տրամաբանական»,- նշում է նա։


