
Բայրամովը լիտվացի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ի նոր Սահմանադրության նախագիծը և TRIPP-ը
Լիտվան աջակցում է Վաշինգտոնի գործընթացին․ հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք աջակցում ենք Վաշինգտոնի գործընթացին, և ուշադիր հետևում ենք վերջին զարգացումներին։ Հուսով ենք, որ կստորագրվի վերջնական խաղաղության համաձայնագիր։ Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում կայունության ապահովմամբ», – նշել է նախարարը։
Նա հավելել է, որ Լիտվան պատրաստ է նպաստել խաղաղության գործընթացին։
Բայրամովը, իր հերթին, նշել է, որ մանրամասնորեն ներկայացրել է իր լիտվացի գործընկերոջը Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները, դրանց զարգացման դինամիկան այս համատեքստում, ինչպես նաև վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունները։
Նախարարը հայտնել է, որ կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի ամրապնդմանը նպաստող գործընթացները։
«Այս ոլորտում նկատվել են մի շարք դրական զարգացումներ։ Այսօր մենք հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ անցյալ տարի մեր տարածքով Հայաստան բեռների տարանցման մեկնարկի, Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման և TRIPP նախագծի աշխատանքների իրական մեկնարկի վերաբերյալ», – նշել է նախարարը։


