
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթավերամշակման գործարանի
Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ռաս Թանուրա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին. գրում է ТАСС-ը՝ հղում անելով ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիային։
«Եմենի զինուժն իրականացրել է 2 ռազմական գործողություն։ Առաջինն ուղղված էր Արևելյան նահանգի Ռաս Թանուրա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին», – գրել է Սարիան իր Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Շարժման խոսնակի խոսքով՝ հարվածները ճշգրիտ են եղել և հրդեհ են առաջացրել։
Հուսիները նաև հարձակվել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ֆինանսական թաղամասի վրա։ Սարիայի խոսքով՝ գործողությունը տեղի է ունեցել 3 փուլով և զգալի վնաս է պատճառել։ Նա հավելել է, որ ապստամբների գործողությունները պատասխանն են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից Եմենի հարավում գտնվող Լահջ նահանգում քաղաքացիական մեքենաների վրա հարձակումների, ինչպես նաև Սանայում և այլ շրջաններում հարվածների։
Երեքշաբթի Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության մարմինը հայտնել է, որ Ռիադի ֆինանսական թաղամասում գտնվող երկնաքերի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 11 մարդ։ Վիրավորների թվում կա 2 սաուդցի և 9 օտարերկրացի՝ 2 հնդիկ, 3 նեպալցի և 4 եգիպտացի։


