26 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերտերությունները պետք է քաղաքական կամք ունենան, որպեսզի դիմեն միջազգային պատասխանատվության համապատասխան միջոցների․ Բեգլարյան

Գերտերությունները պետք է քաղաքական կամք ունենան, որպեսզի դիմեն միջազգային պատասխանատվության համապատասխան միջոցների․ Բեգլարյան

Ալիևը թիրախավորել է և շարունակում է թիրախավորել բոլոր հայերին։ COP 29-ով էլ Բաքուն նպատակ ունի «պարզաջրել» կատարած հանցագործությունները, ինչպես նաև լրացուցիչ միջազգային հեղինակություն ձեռք բերել, որպեսզի հետագա իր հանցագործությունները կարողանա ցածր գնով իրականացնել․ ABC media-ի եթերում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Միայն այն, որ մենք բռնի տեղահանվել ենք, քաղաքացիական բնակչությունը պարբերաբար թիրախավորել է, եղել են գլխատումներ և այլ հանցագործություններ, որոնք խրախուսվել են՝ ընդհուպ Ալիևի մակարդակով, բազմաթիվ այլ հանցագործություններ, օրինակ՝ շրջափակում, սովամահության դրդել ժողովրդին, սրանք այն միջազգային հանցագործությունների ներկապնակն է, որը ցույց է տալիս այն ռիսկը, թե ինչ կարող է լինել Արցախի ժողովրդի հետ՝ Ալիևի հպատակության ներքո»,- ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ այս բոլոր հանգամանքները արձանագրվել են միջազգային կառույցների կողմից։ Freedom House-ի կողմից հրապարակված երկրորդ զեկույցում էլ ամրագրված է, որ ադրբեջանական իշխանությունները էթնիկ զտման երկարատև, դիտավորյալ, պլանավորած, համակարգային քաղաքականություն են իրականացրել։ Freedom House-ը, սակայն, նախընտրել է չօգտագործել ցեղասպանություն բառը»։

Բեգլարյանն ընդգծել է, որ գերտերությունները պետք է քաղաքական կամք ունենան որպեսզի դիմեն միջազգային պատասխանատվության համապատասխան միջոցների։