
Ալեն Սիմոնյանը Հայաստանի ու Ադրբեջանի հայտերը դնում է նույն հարթության վրա, ինչը հերթական զիջումն է. Հայկ Մամիջանյան
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե Ադրբեջանի հայտերն էլ են հիմնավոր և Հայաստանի ու Ադրբեջանի հայտերը դրեց նույն հարթության վրա. ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Քանի դեռ չկա հավելյալ տեղեկություն՝ ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար միջազգային հայցերից հրաժարվելը և ի՞նչ կտա դա Ադրբեջանին, բարդ է մանրամասնորեն մեկնաբանել այդ հարցը: Նկատի ունեմ՝ չգիտենք, թե ինչպես է դա տեղի ունենալու և ինչպես է այն արտացոլված Փաշինյանի բանակցած փաստաթղթի մեջ: Ակնհայտ է, որ դրանից որևէ դրական հետևանք լինել չի կարող։ Դրա գագաթնակետը եղավ այն փաստը, որ օրերս Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Ադրբեջանի հայտերն էլ են հիմնավոր. դրանով, փաստացի, Հայաստանի ու Ադրբեջանի հայտերը դրեց նույն հարթության վրա։ Դա հերթական զիջումն է, որի ծայրը չի երևում: Այսպես ձևակերպենք, Ադրբեջանը շարունակաբար նոր պահանջներ է ներկայացնելու, և ես խիստ կասկածում եմ, որ Փաշինյանը բանակցել է և հստակորեն սահմանել, որ հետագայում Ադրբեջանը, օրինակ, չի դիմի այդ՝ այսպես կոչված ռեպատրիացիաների և այլնի համար։ Ադրբեջանի խոսույթից ակնհայտ է, որ ինքը դա անելու է, հետևաբար հետագա հերթական թերի բանակցած հակահայկական փաստաթուղթն է պատրաստվում»,-ասել է նա։