
Ադրբեջանն ու Իրանը փորձում են բարելավե՞լ տարիներ շարունակ լարված հարաբերությունները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան: Այս մասին գրել է The Times of Israel-ը՝ հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին: Ինչպես նշվել է, սա հարևան երկրների միջև հարաբերությունների ջերմացման վերջին նշաններից է։
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները և համագործակցությունն «արագ և լուրջ կբարելավվե»՝ «հարաբերությունները վերականգնելու» ավելի լայն ջանքերի շրջանակներում։
The Times of Israel-ը հիշեվրել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները տարիներ շարունակ լարված են եղել, հիմնականում Բաքվի և Իրանի ոխերիմ թշնամու՝ Իսրայելի հետ սերտ կապերի, ինչպես նաև 2023 թվականի հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման պատճառով։
Թեհրանը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել Իրանի վրա հնարավոր հարձակման համար Իսրայելի կողմից, որը Բաքվի համար զենքի խոշոր մատակարար է։
2023 թվականի հունվարին Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման ժամանակ զինված անձը սպանել է դիվանագետի և վիրավորել երկու անվտանգության աշխատակիցների։
Իրանը դատապարտել է բռնությունը, բայց որպես դրդապատճառ նշել է «անձնական» դժգոհությունները։
Այդ տարվա ապրիլին Ադրբեջանը Բաքվից վտարել է չորս իրանցի դիվանագետների։ Մեկ ամիս անց Իրանը հետևել է հարևանի օրինակին՝ վտարելով չորս ադրբեջանցի դիվանագետների։
Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը նույն թվականի հուլիսին։
Երկու կառավարությունների միջև վեճի մեկ այլ թեմա է եղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ Ադրբեջանի և Թեհրանի պատմական մրցակից Թուրքիայի միջև առաջարկվող ուղիղ ցամաքային կապը։
Թեհրանը կտրականապես դեմ է արտահայտվել նախագծին, որը կանցնի Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով։
Հարաբերությունների ջերմացման վերջին նշանն այն էր, որ Իրանը և Ադրբեջանը նոյեմբերին Կասպից ծովում անց են կացրել երկօրյա համատեղ ռազմածովային զորավարժություններ։