03 Մայ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գրավիտացիոն ուժը ո՛չ Մոսկվայում է, ո՛չ Վաշինգտոնում, այն Մերձավոր Արևելքում է. Աբրահամ Գասպարյան

Գրավիտացիոն ուժը ո՛չ Մոսկվայում է, ո՛չ Վաշինգտոնում, այն Մերձավոր Արևելքում է. Աբրահամ Գասպարյան

«Փոփոխվող աշխարհը և Հայաստանը» խորագրով քննարկման ժամանակ Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը խոսել է գլոբալ ուժային կենտրոնների տեղաշարժի ու Հայաստանի ռազմավարական դիրքի վերարժևորման մասին։

Գասպարյանի խոսքով՝ համաշխարհային գրավիտացիոն կենտրոնը այսօր ո՛չ Վաշինգտոնում է, ո՛չ էլ Մոսկվայում կամ Բրյուսելում, այն հենց Մերձավոր Արևելքում է։

«Ես թույլ կտամ ինձ ասել, որ գրավիտացիոն ամենամեծ ուժը արևելքում է։ Հարավային Կովկասը և Հայաստանը դրա հյուսիսային սահմանադուռն են»,-ասել է քաղաքագետը։

Նա ընդգծել է, որ Մեծ Մերձավոր Արևելքի սահմանները ձգվում են մինչև Պակիստան, իսկ արևմուտքում՝ Մարոկկո, և ընդգրկում են էներգետիկ ռեսուրսների ավելի քան 43 տոկոսը։ «Սա ինքնին բավարար հիմք է` պնդելու, որ այստեղ է աշխարհի շահերի բախման ու որոշումների ընդունման գլխավոր հանգույցը»,- ասել է նա։

Գասպարյանը նշել է, որ 3+3 ձևաչափի գաղափարը, որ հաճախ վերագրվում է Թուրքիային, իրականում արմատներ ունի իրանական նախաձեռնության մեջ, և այժմ այդ նույն մոդելն է փորձարկվում Մերձավոր Արևելքում՝ նոր դերակատարներով ու հին ռազմավարական վերաձևումներով։

Նա նաև շեշտել է, որ Իրանի ռազմաքաղաքական դիրքերի թուլացումը վերջին մեկ տարվա ընթացքում փոխել է տարածաշրջանային հաշվեկշիռը՝ ուժի վակուումը լրացվել է թե՛ ռադիկալ խմբավորումներով, թե՛ Սաուդյան Արաբիայի նման նոր դերակատարներով․ «Իրանը դուրս եկավ խաղից, և ուժային տեղերը երկար ազատ չեն մնում։ Այդ բացը լրացրին՝ իսլամական պետությունից մինչև նոր դաշինքներ»։

Անդրադառնալով Իսրայելի դերին` քաղաքագետը հիշեցրել է, որ դեռ 1948-ին Իսրայելը ճանաչած առաջին մահմեդական երկիրը եղել է Թուրքիան․ երկու պետությունների միջև ստորագրված պայմանագրերը մինչ օրս ապահովում են ռազմաքաղաքական և հետախուզական սերտ գործակցություն նաև մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Արցախի օկուպացված տարածքներում։

«Տեսանելի է, որ աշխարհակարգը վերանախագծվում է, իսկ Հայաստանը, գտնվելով այս վերաձևման սահմանագծում, կամ կդառնա համաշխարհային գործընթացների գիտակից մասնակից, կամ կմնա դրանց հետևանքների կրող»,-եզրափակել է Աբրահամ Գասպարյանը։

Ռազմագերիներ