16 Հուլ
2025
37.2° c ԵՐԵՎԱՆ
31.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցուն Սամվել Կարապետյանի 2025 թվականի հունիսի 17-ի հայտարարությանը հաջորդեցին՝ 1) գործադիր իշխանության ղեկավարի հրապարակային ուղիղ սպառնալիքները և հաշվեհարդարի խոստումները, 2) ժամերի ընթացքում քրեական վարույթի նախաձեռնումը, 3) 24 ժամվա ընթացքում «իշխանությունը զավթելու կոչի» (Մայր Աթոռը պաշտպանող նույն հայտարարության) համար Սամվել Կարապետյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացնելը և կալանավորելը։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:

«Այս ժամանակահատվածում՝ չնայած Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի արդյունավետ քննության բացակայությանը, ցանկացած անաչառ դիտորդի համար պարզ է դարձել մեղադրանքի՝ ակնհայտ անհիմն և կալանքի ապօրինի լինելը, ինչպես նաև ընդհանուր քրեական վարույթի քաղաքական հետապնդման բնույթը: Արդյունքում, քրեական վարույթը կարճելու, կալանքը վերացնելու փոխարեն՝ անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» ակնհայտ անհիմն նոր մեղադրանք՝ առանց որևէ տվյալի: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում:

Միաժամանակ, ստեղծված իրավիճակում աննախադեպ է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. ավելին, ստացվում է, որ մեղադրանք է ներկայացվել որևէ ուղիղ կամ անուղղակի մասնակցության, ենթադրյալ միջոցները թաքցնելու կամ խեղաթյուրելու հետ կապված որևէ իրողության բացակայության պայմաններում: Ուշագրավ է, որ մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն»,- նշված է հայտարարության մեջ:

Ռազմագերիներ