
Թրամփն իրեն անվանեց «թագավոր», իսկ Բրիտանիայի թագավորը հիշեցրեց՝ նույնիսկ թագավորն օրենքից վեր չէ. Politico
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Կոնգրեսի համատեղ նիստում ունեցավ ամենակտրուկ ելույթներից մեկը, որ դաշնակից առաջնորդներից որևէ մեկն ունեցել է ամերիկյան հողի վրա նախագահ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում․ գրում է Politico-ն։
Չարլզը հիշատակեց ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածն ի պատասխան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների, ինչը դարձավ ուղիղ նկատողություն Թրամփին՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պարբերաբար քննադատելու համար։
Նա կոչ արեց «անզիջելի վճռականության» Ուկրաինայի պաշտպանության հարցում և մատնանշեց 1215 թվականին Ազատությունների մեծ խարտիան, որը հայտարարում էր, որ նույնիսկ թագավորն օրենքից վեր չէ։
«Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անմիջապես հետո, երբ ՆԱՏՕ-ն առաջին անգամ կիրառեց 5-րդ հոդվածը… մենք միասին արձագանքեցինք կոչին, ինչպես մեր ժողովուրդը դա արել է ավելի քան մեկ դար՝ ուս ուսի տված», – նշեց թագավորը։
Ելույթը, ինչպես քառօրյա այցը, նախատեսված էր երկու երկրների միջև «հատուկ հարաբերությունների» մասին հստակ հիշեցում լինելու և անուղղակի նկատողություն այն վարչակազմին, որը մերժում է տրանսատլանտյան դաշինքը՝ որպես անցյալ դարաշրջանի անհրաժեշտություն։
Թագավորն ու թագուհին չորեքշաբթի կմեկնեն Նյու Յորք՝ մասնակցելու Սեպտեմբերի 11-ի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը։
Չարլզը նաև գովաբանել է երկու երկրների միջև հարաբերությունները։ Թրամփը, իր հերթին, Մեծ Բրիտանիան անվանել է ԱՄՆ-ի ամենամոտ բարեկամը։ Սպիտակ տան X-ի էջում հայտնվել է Թրամփի և թագավորի միասին լուսանկարը՝ «ԵՐԿՈՒ ԹԱԳԱՎՈՐ» մակագրությամբ։ Սա ընդամենը երկրորդ դեպքն է, երբ գործող բրիտանացի միապետը ելույթ է ունենում Կոնգրեսի համատեղ նիստում։ Այդ ելույթում թագավորը հստակեցրել է, որ չի մոռացել այս տարվա սկզբին Թրամփի արած առաջարկը, որ դաշնակից ուժերը մնան «մի փոքր հեռու առաջնագծից» Աֆղանստանի պատերազմում, ինչի համար սուր քննադատության է արժանացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների կողմից։
Չարլզը նաև ուղղակիորեն մեջբերել է Սթարմերին, որը վերջին ամիսներին լարված հարաբերություններ ունի Թրամփի հետ՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել գործողություններին լիարժեք ռազմական աջակցություն ցուցաբերելուց հրաժարվելու պատճառով:
«Ինչպես նշել է մեր վարչապետն անցյալ ամիս, մեր գործընկերությունն անփոխարինելի է: Մենք չպետք է անտեսենք այն ամենը, ինչը մեզ աջակցել է վերջին 80 տարիների ընթացքում: Դրա փոխարեն՝ մենք պետք է դրա վրա հիմնվենք», – նշել է թագավորը։


