
Գերմանիայում ընտրություններ են․ ծայրահեղ աջ AfD-ն կարող է պատմական հաղթանակ գրանցել
Գերմանիայի արևելքում գտնվող Սաքսոնիա-Անհալթ երկրամասում այսօր ընտրություններ են անցկացվում, որոնց արդյունքները կարող են պատմական նշանակություն ունենալ։ Ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը կարող է դառնալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին ծայրահեղ աջ ուժը, որը իշխանության կգա Գերմանիայի որևէ երկրամասում։
35-ամյա Ուլրիխ Զիգմունդի գլխավորած AfD-ն ամիսներ շարունակ առաջատար դիրքում է։ Վերջին հարցումների համաձայն՝ կուսակցությանը պատրաստ է աջակցել ընտրողների ավելի քան 40 տոկոսը, մինչդեռ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU) հավաքում է մոտ 23 տոկոս։
AfD-ի համար ընտրությունների ամենակարևոր հնարավոր սցենարը բացարձակ մեծամասնություն ստանալն է։ Այդ դեպքում կուսակցությունը կկարողանա ինքնուրույն ձևավորել կառավարություն՝ շրջանցելով մյուս հիմնական քաղաքական ուժերի երկարամյա դիրքորոշումը՝ չհամագործակցել AfD-ի հետ։
Գերմանիայում գործող ընտրակարգի պատճառով մեկ կուսակցության համար բացարձակ մեծամասնություն ստանալը բավական բարդ է։ Եթե AfD-ին չհաջողվի անհրաժեշտ շեմը հաղթահարել, ամենայն հավանականությամբ կառավարությունը կձևավորի CDU-ն՝ գործող վարչապետ Սվեն Շուլցեի գլխավորությամբ։
Այդ դեպքում կարող են սկսվել շաբաթներ տևող կոալիցիոն բանակցություններ, որոնց արդյունքը կախված կլինի նաև նրանից, թե որ կուսակցությունները կհաղթահարեն խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը։
AfD-ն ձգտում է իշխանության գալ նաև դաշնային մակարդակում: Սաքսոնիա-Անհալթի ընտրությունները AfD-ի համար դիտարկվում են որպես ավելի մեծ քաղաքական նպատակի՝ 2029 թվականի դաշնային ընտրություններում իշխանության հասնելու ճանապարհի կարևոր փուլ։
Ընտրություններից առաջ կուսակցության առաջնորդ Ուլրիխ Զիգմունդը հայտարարել է, որ անկախ արդյունքից՝ AfD-ն արդեն իսկ պատմություն է կերտել։
«Այն, ինչ մենք սկսել ենք այստեղ՝ Սաքսոնիա-Անհալթում, և այն, ինչ այժմ տարածվում է ամբողջ Գերմանիայում, այլևս հնարավոր չէ կանգնեցնել», – ասել է նա ընտրարշավի վերջին հանրահավաքում։
Սակայն եթե AfD-ն բացարձակ մեծամասնություն չստանա, կուսակցության համար իշխանության գալը հեշտ չի լինի։ AfD-ն Գերմանիայի մի շարք պետական կառույցների կողմից դասակարգվում է որպես ծայրահեղ աջ ծայրահեղական ուժ, իսկ հիմնական կուսակցությունները շարունակում են պահպանել նրա հետ համագործակցությունից հրաժարվելու քաղաքականությունը։
Միաժամանակ, հարցումները ցույց են տալիս, որ CDU-ի ներկայիս կոալիցիոն գործընկերներից Ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP) կարող է չհաղթահարել 5 տոկոսի շեմը, իսկ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) ստանում է 10 տոկոսից պակաս աջակցություն։
Այս պայմաններում CDU-ի համար նույնպես կառավարություն ձևավորելը կարող է բարդ լինել։ Քննարկվում է նաև փոքրամասնության կառավարություն ստեղծելու տարբերակը, որը կարող է կախված լինել ձախ ուժերի աջակցությունից կամ չեզոքությունից։
Ընտրատեղամասերը փակվելուց հետո նախնական արդյունքները սպասվում են Երևանի ժամանակով մոտ 20։00-ին։


