ABCMEDIA
Ազգային մտածողություն ունեցող հայրենակիցները պարտավոր են արգելակել այս գնացքը, որը մեր պետականությունը տանում է դեպի մայրամուտ․ Աբրահամ Գասպարյան

Ազգային մտածողություն ունեցող հայրենակիցները պարտավոր են արգելակել այս գնացքը, որը մեր պետականությունը տանում է դեպի մայրամուտ․ Աբրահամ Գասպարյան

Genesis Armenia-ն և «Հայաքվեն», որ Սրբազան երթին միանալու մասին հայտարարել էին շարժման ամենասկզբից, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթի մասնակիցներին կդիմավորեն Երևանի մուտքի մոտ:

«Ձուլվելու ենք նրանց և միասին շարժվելու դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, կայանալու է հանրահավաքը»,-ասել է նա։

Գասպարյանի խոսքով՝ վերջին 15-20 օրում պայքարի շող է արձակվել Ոսկեպարից, տարածվել Կիրանցում, Տավուշից հասել Կոտայք, իսկ վաղը կգա Երևան:

«Մենք, որպես ազգային մտածողություն ունեցող հայրենակիցներ, պարտավոր ենք արգելակել այս գնացքը, որը մեր պետականությունը տանում է դեպի մայրամուտ: Այնպես որ, դիմում եմ իմ բոլոր ընկերներին, բոլոր հարազատներին, որոնք ամիսներ շարունակ, գիշեր ու զօր, անընդհատ գրություններով, հանդիպումներով, նամակներով, փողոցում, բոլոր կոնֆերանսների ժամանակ, պատեհ-անպատեհ բոլոր առիթներով ասում էին՝ ոտքի կանգնեք։ Մենք ոտքի ենք կանգնել, մենք քայլել ենք, եկել ենք, Սրբազան երթով հասել ենք Երևան, և Երևանում մենք պարտավոր ենք ցույց տալ մեր ուժը, հայի ուժը, համախմբման ուժը՝ հանուն հայրենիքի և ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի: Մեր գործունեությունը պիտի այնպես դասավորենք, որ այս ամբողջը պսակվի բաղձալի հաջողությամբ՝ կասեցնելու ազգակործան քաղաքական կուրսը, Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգային մակարդակը բարձրացնելու  որակի, ինչպես նաև հասնել արժանապատիվ երկրում, այնպիսի խաղաղության, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի բոլոր զավակների համար: Այնպես որ, Ավետիք Չալաբյանի հետ սպասում ենք վաղը՝ ժամը 11-ին, Երևանի հյուսիսային մուտքի մոտ»,- հայտարարել է Գասպարյանը և ընդգծել, որ Երևանի հյուսիսային մոտքին լինելու է բացառապես հայոց եռագույնը: