Բաքվում ռազմագերիներ ունենալն ամոթ է մեզ համար․ Բագրատ սրբազան
Շարժումը լայն իմաստով հաշտության մասին է, հաշտություն, որը հիմնված է ճշմարտության ու արդարության վրա՝ մերժելով սուտը, կեղծիքը, թշնամությունն ու ատելությունը մեր երկրից ու մեր կյանքից ընդհանրապես։ Այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայ դատի գրասենյակների համաժողովին։
«Մենք ապրում ենք անպատվության ժամանակներում․ ունենք կորսված հայրենիք, ունենք ռազմագերիներ, ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարները թշնամու բանտերում են. նրանց Բավքում լինելը մեզ համար մեծ ամոթ է»,- նշել է Բագրատ սրբազանը։
Նա խոսել է իր ու Հայ դատի տարբեր գրասենյակների հետ համատեղ աշխատանքի մասին ու նշել, որ տեղյակ է նրանց քաղաքական օրակարգից, որը մարդիկ կամ «պատմաբաններ» համարում են ավարտված։
«Այն խորքային իմաստով արդարության մասին է, որը երբեք չի կարող ավարտված լինել։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մշակույթ դարձնենք խոսել ոչ միայն ձեռքբերումների մասին, այլև այն կողմերի մասին, որոնք առավել ուշադրության կարիք ունեն՝ բարելավվելու իմաստով»,- ասել է Բագրատ սրբազանը։
Տավուշի թեմի առաջնորդը ընդգծել է ցեղասպանության շատ կարևոր հարց լինելն ու այն համարել մեր բոլոր խնդիրների ածանցյալը։
«Ցեղասպանության հարցը մեզ համար զգացմունքային ու պահանջատիրության դաշտից պետք է տեղափոխվի համակարգային բանականության դաշտ, տարածվի մեր կյանքի բոլոր շերտերի, ոլորտների վրա»,- ասել է սրբազանը։