
Սամվել Կարապետյանը պետք է հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին․ նրա խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել
Գործընկերների հետ միասին այսօր մուտք ենք արել դիմում-միջնորդություն՝ հասցեագրված դատավոր Դոլմազյանին առ այն, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
«Յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։ 2026 թվականի ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է»,- ասաց նա։
Ըստ նրա՝ մրցակցության, հավասարության, ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է։
«Ինչ-որ իմաստով ցավ ենք ապրում, որ այդ բեռն ընկել է այլևս դատական իշխանության ուսերին։ Այդպես չպետք է լինի, բայց սա Հայաստանի Հանրապետությունում առկա իրականությունն է, սա է քաղաքական հետապնդումների տրամաբանությունը։ Դրանից չենք զարմանում, բայց մյուս կողմից ունենք հստակ ակնկալիք, հստակ պահանջ իրավունքի խախտման վերացման վերաբերյալ»,- ասաց Արամ Վարդևանյանը։


