Ադրբեջանի և ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյանները քննարկել են Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ընթացքը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ Պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների ավագ խորհրդական Լուիս Բոնոն քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Պետքարտուղարության ներկայացուցիչը ներկայացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող վիճակը, կարգավորման և խաղաղ գործընթացի ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, նաև խաղաղության օրակարգի վերջին ձեռքբերումները։
Հանդիպման ընթացքում դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին չորս գյուղի փոխանցումը ևս մեկ անգամ հաստատել է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը տարածաշրջանային խաղաղության և վստահության կառուցման գործում։ Բոնոն ասել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները հույս են ներշնչում խաղաղապահ գործունեության ապագայի համար, նաև հայտնել է Վաշինգտոնի պատրաստակամությունը բանակցային գործընթացին։