ՀՀ իշխանությունը գիտեր՝ ինչ է սպասվում Արցախին․ ոչ միայն տեղից չշարժվեց, այլ Ադրբեջանին ազդանշաններ արձակեց առ այն, որ մտադիր չէ արձագանքելու․ Աբրահամյան
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախում հումանիտար ճգնաժամը հատեց եզրագիծը․ այս մասին հիշեցնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ծայրահեղ ծանր իրավիճակ էր ոչ միայն մարդկանց առօրյա կյանքում, այլ Պաշտպանության բանակում, որտեղ մատակարարումները խիստ խափանումներով էր, իսկ առանձին հրամանատարներ դիրքերում գտնվող զինծառայողների օրվա սնունդը հայթայթում էին մերձակա գյուղերից:
Բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում` մարտական պատրաստությունից մինչև սովորական կենցաղի ապահովում:
Այս ամենից ուղիղ մեկ ամիս անց, երբ ողջ Արցախն ու հատկապես երկրի պաշտպանության համար պատասխանատու կառույցներն ու ստորաբաժանումներն ամբողջությամբ հյուծվեցին, Ադրբեջանն անցավ ռազմական գործողությունների:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարիչն այդ օրերին ֆիզիկապես հեծանավազքով չէր զբաղված, սակայն պետության իրադրային արձագանքն առանձնապես չէր տարբերվում այսօր դրսևորած վարքագծից»,- գրել է նա։
Նա նաև նշել է, որ ՀՀ իշխանական վերնախավն ընդհանուր գծերով գիտեր, թե ինչ է սպասվում Արցախին, սակայն ոչ միայն տեղից չշարժվեց, այլ Ադրբեջանին ազդանշաններ արձակեց առ այն, որ մտադիր չէ որևէ ձևով արձագանքելու Արցախի նկատմամբ գործողություններին: