
Գյումրիում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, որը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Շահեն Սարգսյանը և Վարդան Անտոնյանը։
Մինչ քննչական խմբի՝ դեպքի վայր ժամանելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են վարորդի և մահացածի ինքնությունները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։


