Ադրբեջանը ՀՀ-ին հրավիրում է մասնակցելու COP29-ին, միևնույն ժամանակ արգելու՞մ «հայամետ» գերմանացի պատգամավորի մուտքը երկիր
Ադրբեջանում իրավական հարթակի համահիմնադիր և Քաղաքացիական իրավունքների ինստիտուտի փոխնախագահ Սամիր Քազիմլին նշել է, որ Բաքվում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի գագատնաժողովին՝ COP29-ին, ակնկալվում է, որ ներկա կլինեն բազմաթիվ պետական պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ և տարբեր ոլորտների այլ ներկայացուցիչներ։
Նրա խոսքով՝ նման պահին Եվրոպայի գլխավոր կազմակերպություններից մեկի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամների ընդգրկումը «անցանկալի անձանց» ցուցակում հարցեր է առաջացնում։
«Ի՞նչ են արել այդ մարդիկ Ադրբեջանի դեմ։ Նրանք պարզապես սառեցրել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը, քանի որ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առջև՝ հուսալով, որ դա կխրախուսի Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները։ Սա ստանդարտ ընթացակարգ է», – հայտարարել է Քազիմլին:
Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանը, որի հետ Ադրբեջանը երկար տարիներ պատերազմում է, և դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, հրավիրվում է մասնակցելու COP29-ին, իսկ որոշ ԵԽԽՎ անդամներ ընդգրկվում են «անցանկալի անձանց» ցուցակում, հարցադրում է իրավագետը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկություն է տարածել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելուն կողմ քվեարկած ԵԽԽՎ անդամներին, այդ թվում՝ ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր և այս բանաձևի հեղինակ Ֆրանկ Շվաբեին «անցանկալի անձանց» ցուցակում ընդգրկելու մասին, այն բանից հետո, երբ Շվաբեն հայտարարել է իր մտադրության մասին՝ բարձրացնել մարդու իրավունքների հարցը COP-29-ի ժամանակ:
«Ադրբեջանի կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցներում Շվաբեն ներկայացվում է որպես հայամետ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն խանգարում Շվաբեին և ԵԽԽՎ մյուս անդամներին մասնակցել COP29-ին՝ միաժամանակ Հայաստանին հրավեր ուղարկելով նույն միջոցառմանը։ Այս տրամաբանությամբ Հայաստանի հրավերն էլ չպետք է ուղարկվեր։ Սա խոսում է այն մասին, որ խնդիրը ոչ թե հայամետությունն է, այլ՝ մարդու իրավունքները», – կարծում է Քազիմլին։