
Ավելի շատ մենախոսություն, քան երկխոսություն․ The Economist-ն անդրադարձել է Փաշինյանի «թերություններին»
2023 թվականին Հայաստանը պարտվեց հարևան Ադրբեջանի դեմ պատերազմում։ Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանից՝ Հայաստանի վաղեմի հովանավորից հիասթափված՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է շրջվել դեպի Ամերիկա և Եվրոպա և աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։
Շատ հայեր չեն սիրում Փաշինյանին։ Զոհված զինվորների որմնանկարները պատել են Երևանը՝ հիշեցնելով պատերազմի ժամանակ նրա ձախողումների մասին․ գրում է The Economist-ը։
Կայքը հիշեցնում է, որ մայիսի 4-5-ին ՀՀ-ում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի ընթացքում դրսում ցուցարարները ծածանել են Արցախի դրոշը։ Տարածքից որոշ փախստականներ ցանկանում էին, որ իրենց հարազատների մարմինները տեղափոխվեն Հայաստան, մյուսները կոչ էին անում Ադրբեջանին ազատ արձակել ռազմագերիներին։ Մի քանի ցուցարարներ այն կարծիքին են, որ արևմտամետ շրջադարձը հակառակ արդյունքը կտա։
«Նա Հայաստանը վերածում է աշխարհաքաղաքական խաղերի թատերաբեմի», – նշել է կայքի հետ զրուցած ցուցարարներից մեկը։
Ազգայնական քաղաքական գործիչները ևս դժգոհություն են հայտնում։ Ռուսահայ օլիգարխ Սամվել Կարապետյանը, որը գլխավորում է ամենահայտնի ընդդիմադիր խումբը, տնային կալանքի տակ է կառավարության տապալման կոչ անելու համար (նա հերքում է մեղադրանքը)։ Կարապետյանը մեղադրել է կառավարությանն Ադրբեջանի պահանջների առաջ խոնարհվելու համար։ Ըստ նրա՝ Փաշինյանը «փորձում է պատերազմ հրահրել» Ռուսաստանի հետ։ Նման տեսակետները հազվադեպ չեն Երևանում, սակայն դրանք հազվադեպ են գյուղական վայրերում, որտեղ կառավարությունը կառուցել է ճանապարհներ և դպրոցներ։
Կայքն ընդգծում է՝ Փաշինյանն ունի թերություններ։ Նրա պայքարը կոռուպցիայի դեմ թուլացել է, և նա ունի պոպուլիստական միտք, որը զայրացնում է նրա հակառակորդներին։
«Փաշինյանից ավելի շատ մենախոսություն ենք ստանում, քան երկխոսություն», – կարծում է «Քարնեգի Եվրոպա» կենտրոնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։
Կրեմլը նույնպես կարող է միջամտել։ Ռուսաստանը մատակարարում է Հայաստանի գազի 85%-ը և երկրում ունի ռազմաբազա։ Ռուսական ընկերությունները կենսականորեն կարևոր ենթակառուցվածքներ ունեն, որոնք ՀՀ նախկին ղեկավարների կնքած պարտքերի մեղմման գործարքների ժառանգություն են։ Ռուսաստանը վերջերս արգելել է «Ջերմուկ»-ի որոշ խմբաքանակների վաճառքը՝ կասկածելի սանիտարական պատճառներով։ Նման մարտավարությունը, հավանաբար, կխորացնի հայերի անվստահությունն իրենց հին հովանավորի նկատմամբ։


