
Ի՞նչ է ցույց տվել Երևանի մանկապարտեզներից վերցված ջրի նմուշառումը․ քաղաքապետարանը պարզաբանում է
Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներին հրահանգել էր ծորակից ջուր չխմել։ ABC Media-ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանն ասաց, որ օրեր առաջ իջեցված այս հրամանն այլևս չի գործում, քանի որ նմուշառումների արդյունքներով ջուրը պիտանի է խմելու համար։«Այդ օրերին Երևանի վարչական բոլոր շրջաններում նկատվել է ջրի համի և գույնի փոփոխություն, ուստի ստիպված էինք նման հրահանգ իջեցնել։ Ջրից նմուշառումներ էին վերցվել, որոնց լաբորատոր զննության պատասխանները ցույց են տվել՝ ջուրը խմելու համար պիտանի է»,- ասաց Ազարյանը։Նա վստահեցրեց, որ մայրաքաղաքի որոշ մանկապարտեզներում քաղաքապետարանը մինչ այս շշալցված ջրեր է տրամադրել։Հիշեցնենք, որ ավելի վաղ մայրաքաղաքի մի շարք վարչական շրջանների բնակիչներ ահազանգում էին, որ ծորակից հոսող խմելու ջրի որակը փոխվել է, որոշ քաղաքացիներ էլ ջրում այլ մարմիններ էին նկատել։«Վեոլիա ջուր» ընկերությունը հորդորել էր չգործածել ծորակի ջուրը։


