
Ի վերջո, սա Ազգային ժողով է, և այստեղ նման բաները վատ ազդակ են բանակին ու հասարակությանը․ Արամ Վարդևանյան
Գոյություն ունի «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը, որը հստակ ասում է, որ խորհրդարանի նիստերի դահլիճում վիրավորական արտահայտություն չպետք է հնչի։ Ի վերջո, սա Ազգային ժողով է, ներկայացուցչական մարմին է․ այսօր, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած բախմանը, ասաց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
ԱԺ-ում, ըստ նրա, նման բառամթերք չպետք է լինի։ Դա, ըստ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի, ազդում է բանակի ու հասարակության վրա։
«Մենք վերջին շրջանում շատ ենք տեսնում բանակում ծայրահեղ անհանգստացնող դեպքեր, երբ տեսնում ենք կանոնադրական հարաբերություններից դուրս իրավիճակ, որն էլ հանգեցնում է մահվան դեպքերի։ Այս ամենը պայմանավորված է լինում ոչ հարիր բարքերով։ Եթե ԱԺ–ն է նման ազդակ տալիս, բնական է, չէ՞, թե ինչ աստիճան տարածում կստանան»,– նշեց ԱԺ փոխխոսնակը։
Հիշեցնենք․ այսօր խորհրդարանի հերթական քառօրյայի մեկնարկից կարճ ժամանակ անց դահլիճում ծեծկռտուք սկսվեց։ Ազգային ժողովի օրակարգում «Եկեղեցու հարցով» հանձնաժողովի ստեղծումն էր, հեղինակը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթին հաջորդեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի՝ տեղից արած ռեպլիկը, և պատգմավորներն անցան հարցերը ձեռքերով ու գոռոցներով «պարզելու» մեթոդին։ Քաշքշուկն ու հրմշտոցը շարունակվեց նաև դահլիճից դուրս՝ միջանցքում։


