
Երևանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները․ Լավրով
Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները կքննարկվեն Ղազախստանում մայիսի վերջին կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմնի գագաթնաժողովում, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա պարզաբանել է, որ Փաշինյանը նախկինում նշել էր, որ զբաղված է ընտրությունների հարցերով և չի կարողանա մասնակցել Եվրասիական տնտեսական միության ղեկավարների հանդիպմանը։
«Սա, իհարկե, ցավալի կլինի, քանի որ դա լավ հնարավորություն կլինի քննարկելու այն հարցերը, որոնք այժմ կախված են օդում», – նշել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները։
«Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և այդ հարաբերությունները սերտ են, դաշնակցային։ Բայց, միևնույն ժամանակ, դրանք բարդ են։ Հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում իրեն ենթարկեցնել և խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերն ԱՊՀ և ԵԱՏՄ գործընկերների հետ», – նշել է նա։


