09 Հոտ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության հասնելու համար 3 խնդիր լուծել է պետք․ Աբրահամ Գասպարյան

Խաղաղության հասնելու համար 3 խնդիր լուծել է պետք․ Աբրահամ Գասպարյան

Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունը ջրային ռեսուրսների շուրջ է, ակնհայտորեն հավակնություններ է դրսևորում ինքնիշխան Հայաստանի ամենամեծ ջրային ավազանի՝ Սևանի ջրային պաշարների նկատմամբ․ հայտարարել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը՝ «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն»  խորագրով պանելային քննարկման ընթացքում։

«Ամենևին էլ պատահական չէ, որ COP29-ի շրջանակում ադրբեջանական ուղեղային կենտրոնների, նաև հետպատերազմյան Ադրբեջանի առաջահերթ քննարկումների առանցքում է ոչ միայն հայկական ատոմակայանի, այսպես կոչված, բնապհպանական աղետ հանդիսանալու խնդիրը, այլև Սևանի ավազանի համատեղ ռեսուրսներով գործածելու խնդիրը՝ որպես պայման Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման։ Հայաստանը չի կարող խոսել քաղաքական այն հռետորաբանությամբ, ինչպես նախկինում, երբ ասում էին ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների։ Այսօրվա ՀՀ-ի իշխանությունը մեր պետությունը դրել է այնպիսի վիճակում, որ մենք ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ չեն կարող նման կերպ խոսել։ Ուստի չմիջնորդավորված բանակցությունները չեն կարող երաշխավորել Հայաստանի արդար և համապարփակ խաղաղության փաստաթղթի կնքումը Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ»,-ասել է նա։

Գասպարյանի խոսքով՝ նոր ձևավորվող տարածաշրջանային անվտանգային ճարտարապետությունը չի կարող շրջանցել ռազմավարական գործընկերների, բարեկամների, պետությունների ռազմավարական շահերը մեր տարածաշրջանում։

Նա Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու և 1993 թվականին Թուրքիայի կողմից փակված սահմանը բացելու համար լուծման տարբերակ է առաջարկել։

«Շատ պարզ առաջարկ․ սահմանների ճանաչելիության հարցի հետաձգումն անորոշ ժամանակով կարող է ինչ-որ տեղ հիմք հանդիսանալ տարածաշրջանում տնտեսական համագործակցության կերտմամբ շահագրգռված թե՛ միջնորդ պետությունների, թե՛ դերակատար սուբեկտների համար։  ՀՀ այսօրվա իշխանությունը, բնականաբար, հակառակ ուղղությամբ է։ Ինչու՞ եմ սա ասում, որովհետև դիվանագիտական ցանկացած հարաբերության հաստատում ընդունում է հակառակորդ սուբեկտի տարածքային ամբողջականությունը և այլն, և այլն։ Սա լուրջ խնդիր է դառնալու հատկապես նոյեմբերի 9-ի փաստաթղթի դե յուրե ցայսօր գոյություն ունենալու պայմաններում, հատկապես, որ ՌԴ-ն ինքն է երաշխավորում նոյեմբերի 9-ի կարևորագույն դրույթներից մեկի՝ հայաթափված Արցախում արցախցիների վերադարձի և Արցախից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան կապուղիների ապահովության հարցում։ Իհարկե, լավ եմ հասկանում, որ սա բարդ հարց է լինելու ՌԴ-ի հասցեին հնչող դիֆերանտներից հետո, լավ հասկանում եմ՝ ոչ թափանցիկ ի՞նչ պայմանավորվածություններ կարող են լինել, ի վերջո»,-ասել է Գասպարյանը։

Նրա խոսքով՝ «հայտնի անձնավորությունը» շատ վաղուց է պատրաստվում խորհրդարանական ընտրություններին,  և փորձելու է ամեն ինչ անել՝ վերարտադրվելու համար։

«Մեզ համար հասկանալի են նաև Իրանից եկած ուղերձները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պաշտոնական Թեհրանի ընդգծված ընդդիմանալը թե՛ գեոպոլիտիկ առումով, թե՛ ներիրանական տնտեսական շահերից ելնելով։ Այսուհանդերձ կարծում եմ՝ ՀՀ ազգային իշխանությունը պետք է հաշվի առնի արտաքին քաղաքականության առաջնարհերթություն պիտի համարի ռազմավարական բալանսավորումը։ Այսօր տարածաշրջանում․ հաշվի առնելով երկու գերտերությունների շահերի բախումը, ինչպես  նաև ոչ միաբևեռ աշխարհի այլ դերակատարների ընդգծված շահերը, Հայաստանի իշխանությունը պարտավոր է երեք խնդիր լուծել՝ հասնելու այդ, այսպես կոչված, բաղձալի խաղաղությանը»,-ասել է նա։

Որպես առաջին պայման Գասպարյանը նշել է արցախցիների վերադարձը։ Երկրորդը, ըստ քաղաքագետի, Սյունիքի հարցն է։ « Սրանով են պայմանավորված Բաքվի և Անկարայի ճնշումները գործող իշխանության նկատմամբ, որպեսզի, ասյպես կոչված, միջանցքի միջոցով կարողանան այն անկախությունը ձեռք բերեն ու ժամանակի ընթացքում, դեմոգրաֆիկ աճի տեմպերը հաշվի առնելով, կարողանան խախտել բալանսավորումը։

«Երրորդ խնդիրը, որ պետք է լուծի Հայաստանը․ լինել պրոակտիվ դիվանագիտության կողմնակից, չլինել ռեակտիվ ու չսպասել Անկարայից, Բաքվից, Մոսկվայից, Լոնդոնից, Վաշինգտոնից, Փարիզից եկող ուղերձներին, այլ այդ առաջարկները պետք է դուրս գան ներսից ու հետևողականորեն լինելու դեպքում կյանքի կոչվեն»,-եզրափակել է նա։