Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության նախագահ Լադիսլավ Համրանը սեպտեմբերի 23-ին կայցելի Երևան։
Այցի շրջանակներում կստորագրվի Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրին (խմբ․ համաձայնագիրը սեպտեմբերի 11-ին վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից) կից աշխատակարգ-համաձայնագիրը. այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով աշխատակարգ-համաձայնագիրը։
«Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը, որը բոլորիս հայտնի է Եվրաջասթ անվանմամբ, Եվրոպական միության անդամ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող եվրոպական կառույց է, որն ի թիվս այլ գործառույթների՝ իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում, ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջև։ Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը։
Պետք է նշեմ, որ հիմնական համաձայնագիրն Ազգային ժողովն արդեն վավերացրել է, այժմ այն ներկայացվել է ՀՀ նախագահի ստորագրմանը»,- ասաց նախարարը։
Գրիգոր Մինասյանը մանրամասնել է, որ աշխատակարգը հնարավորություն է տալու Հայաստանի իրավապահ համակարգին մասնակցել Եվրաջասթի կոլեգիայի լիագումար նիստերին, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին»,- ասաց Մինասյանը։
Աշխատակարգը կստորագրեն Եվրաջասթի նախագահը, Հայաստանի գլխավոր դատախազը և արդարադատության նախարարը։