«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 44-օրյա պատերազմի մեկնարկի օրվա առնչությամբ ուղերձով է հանդես եկել:
«4 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, Թուրքիայի հովանավորությամբ ու աջակցությամբ, սանձազերծեց հերթական պատերազմը: Առաջին իսկ պահին՝ աղոթքս մեր բազմահազար նահատակ որդիների և դուստրերի հոգու խաղաղության համար է և խոնարհումս՝ նրանց և նրանց ընտանիքների առջև»,-ասել է արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշել է, որ 2020 թ. Հայրենական պատերազմում մարտի ելած հայոց քաջարի գնդերը չէին կասկածում, որ պատերազմի ելքն արդեն կանխորոշված է, քանզի պատերազմի առաջին օրն իսկ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարել էր՝ «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու»: Ասաց և արեց…պետությանը պարտության մատնելով, ինքն իրեն անպարտ կարգելով:
«Միջազգային իրավունքով արգելված զենքերի կիրառմամբ, ահաբեկիչներ ներգրավելով, անմարդկային գազանություններով ու մարդասիրական իրավունքի հանրաճանաչ նորմերի խախտումներով Բաքվին հաջողվեց գրավել Արցախի զգալի մասը: Միջազգային հանրությունը, չհաշված առանձին բացառությունների, լուռ հետևում էր կատարվողին…
44-օրյա պատերազմի պայմանական ավարտով և ստորագրված նոյեմբերի 9-ի ամոթի և խայտառակության հայտարարությամբ, ցավոք, իրական պատերազմը չդադարեց: Մենք դրա շարունակության դրսևորումները տեսանք Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ զավթիչ գործողություններով, Արցախի շրջափակմամբ, 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմով ու դրան հաջորդած Արցախի հայաթափմամբ: Դժբախտաբար, հայության դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ագրեսիան, օգտվելով անպատժելիության և ամենաթողության մթնոլորտից, իր տարբեր դրսևորումներով շարունակվում է նաև այսօր՝ չնայած խաղաղության մասին պարբերաբար հնչող թեզերին ու խոսույթին: Առ այսօր Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել մեր գերիներին, պահվող անձանց և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը»,-ուղերձում նշել է Բագրատ սրբազանը։
Նրա խոսքով՝ 44 օր տևած պատերազմի, դրան նախորդող փուլի, պատերազմի ընթացքում, ապա նաև՝ հաջորդող շրջանում Հայաստանի իշխանությունների արած քայլերի, ընդունած որոշումների, ձեռք բերած պայմանավորվածությունների ու դրանց հետևանքների իրական գնահատականը կտա վաղվա Հայաստանը, սակայն այսօր արդեն միանշանակ և առավել քան հիմնավոր կարելի է փաստել՝ այս իշխանությունը չի՛ իրականացրել անվտանգության ապահովման իր գործառույթը ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ պատերազմի ընթացքում և ոչ էլ դրանից հետո։ Լիարժեք ձախողել է և՛ անվտանգային, և՛ արտաքին քաղաքականությունը։
Վաղվա Հայաստանը կտա նաև իրական խաղաղության օրակարգը, որը որևէ կերպ այսօրվա պարտված իշխանությունների քարոզած՝ «ամեն գնով մուացիկ խաղաղությունը» չէ, այլ՝ հավասարակշռության վրա կառուցված խաղաղություն է, որը կլինի արդար, կայուն և երկարաժամկետ։
Հետևաբար՝ քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանության մնալ ամեն ինչ զիջելու պատրաստ, պարտված ու անգամ մարդասիրական խնդիրները՝ գերիների վերադարձի հարցը բարձրաձայնելու, լուծելու կարողություն չունեցող իշխանությունները, քանի դեռ իշխանությունը զավթել են՝ Հայաստանի ազգային, պետական շահերի հետ որևէ աղերս չունեցողները, 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված աղետը շարունակվում և շարունակվելու է իր տարաբնույթ դրսևորումներով…
Մենք կոչված ենք փոփոխության։
Մենք կոչված ենք ապաքինման և վերականգնման։
Մենք կոչված ենք Հայրենիք և հաղթանակ վերադարձնելու մեր բազմահազար զավակներին, որոնք մեկնեցին՝ մահն արհամարհելով՝ Հայրենիքն ու հաղթանակը իրենց սրտերում և աչքերի մեջ…»,-ասել է Բագրատ սրբազանը: