
«Յանդեքս»-ի մի շարք ծառայություններում խափանումներ են արձանագրվել․ ընկերությունը հայտնել է տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին
Հոկտեմբերի 11-ի առավոտյան օգտատերերը բախվել են ռուսական «Յանդեքս» ընկերության մի շարք ծառայությունների աշխատանքի խափանումների։ Այս մասին վկայում են հավելվածներում տեղադրված պաշտոնական ծանուցումները։
Մասնավորապես, ժամանակավոր խնդիրներ են առաջացել «Յանդեքս Փեյ» վճարային հավելվածում։ Հավելված մուտք գործելիս օգտատերերը տեղեկացվել են տվյալների կենտրոնում ինժեներների կողմից իրականացվող տեխնիկական աշխատանքների մասին։ Ընկերությունը միաժամանակ վստահեցրել է, որ օգտատերերի դրամական միջոցները լիովին ապահով են։
«Մեր ինժեներներն այժմ աշխատում են տվյալների կենտրոնում ամեն ինչի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ, և մենք ստիպված ենք եղել կարճատև դադար վերցնել։ Մենք արդեն անում ենք ամեն ինչ, որպեսզի դուք կրկին կարողանաք օգտվել հավելվածից»,-ասվում է ծանուցման մեջ։
Խափանումներ են արձանագրվել նաև սննդի առաքման և պատվերների ձևակերպման ծառայություններում։ «Յանդեքս Լավկա» հավելվածում հայտնել են պատվերների ձևակերպման հետ կապված խնդիրների և աջակցության ծառայության ժամանակավոր անհասանելիության մասին։ Իր հերթին, «Յանդեքս Էդա»-ն տեղեկացրել է տեխնիկական խափանման մասին՝ նշելով, որ մասնագետներն ակտիվորեն աշխատում են այն վերացնելու ուղղությամբ։
Ծառայությունների աշխատանքում առաջացած խնդիրները համընկել են ընկերության ենթակառուցվածքային օբյեկտներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագրության հետ։
«Յանդեքս»-ը հայտնել է Վլադիմիր քաղաքում գտնվող տվյալների կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Ընկերության փոխանցմամբ՝ հարվածի հետևանքով ենթակառուցվածքը վնասվել է, իսկ տվյալների կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել։


