
Հռոմի ստատուտի վավերացումը ակնհայտորեն ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ. Կոսաչով
Վավերացնելով Հռոմի ստատուտը՝ Հայաստանը կորցնում է իրավական ինքնիշխանությունը,
դա նվաստացուցիչ է․ Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի
փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը
«Իսկապես ինքնիշխան պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն,
Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը և այլք, չեն միանում
ՄՔԴ-ին»,- գրել է Կոսաչովը։
Նա նշել է, որ այս վավերացումը «բացահայտ ոչ բարեկամական քայլ է
Ռուսաստանի նկատմամբ»։ Հայաստանի խորհրդարանում չկային ուժեր, որոնք կկարողանային կասեցնել
այդ գործընթացը։
«Միամտություն է հավատալ, որ այս կերպ Հայաստանը կկարողանա լուծել
Ադրբեջանի հետ հակամարտության գոտում ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննության
հետ կապված հարցերը։ ՄՔԴ նախադեպային իրավունքը բազմիցս ապացուցել է հակառակը, այն
է՝ միջամտություն մասնակից պետությունների ներքին գործերին: Ի վերջո, ապագայում վավերացման
այսօրվա որոշումը կարող է շրջվել հենց Հայաստանի իշխանությունների դեմ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն այսօր 60 կողմ, 22 դեմ
ձայների հարաբերակցությամբ վավերացրել է Հռոմի ստատուտը։