Վերացական ու անհիմն է ոչ միայն Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, այլև կիրառված կալանքը․ փաստաբանների հայտարարությունը
2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվելու է 2024թ․ դեկտեմբերի 19-ին (դատավոր՝ Արթուր Նահապետյան)։
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Կարեն Հակոբյանը մեղադրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված արարքն իբրև կատարելու համար: Մեղադրանքի հիմքում դրված է բացառապես այն հանգամանքը, որ գործարար Կարեն Հակոբյանը ձեռք է բերել «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ ընկերության 12․5 տոկոս բաժնետեր հանդիսացող ընկերության 20 տոկոս բաժնեմասերը։ Ըստ մեղադրանքի՝ մինչև Կարեն Հակոբյանի կողմից այդ բաժնեմասերը ձեռք բերվելը դրանք իբրև թե ունեցել են հանցավոր ծագում և Կարեն Հակոբյանն իբրև թե իմացել է դրա մասին։ Այսինքն մեղադրանքը հիմնված է վարկածի, այլ ոչ օբյեկտիվ տվյալների հիման վրա:
Գործարար, նախկինում երբևէ չարատավորված՝ Կարեն Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ մինչև այդ բաժնեմասերը ձեռք բերելը որևէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չի ունեցել այդ բաժնեմասերի ծագման կամ դրա հիմքում ընկած իրադարձությունների հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ բաժնեմասերի «ծագումնաբանության» մասին։ Խնդրո առարկա բաժնեմասերի ձեռք բերումը եղել է բացառապես ձեռնարկատիրական տրամաբանության շրջանակներում։ Ցավոք, ստացվում է, որ նման իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ցանկացած անձ։
Հատկանշական է, որ նշված հանգամանքները փաստացի քննության առարկա են դարձել դեռևս 2019թ․, սակայն Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին առանց գեթ մեկ ուղղակի կամ նույնիսկ անուղղակի ապացույցի՝ կալանավորվել է։ Այսինքն, սա բացառապես ենթադրությունների և վերացական դատողությունների վրա հարուցված հերթական գործն է, որով անձի նկատմամբ կալանքը կիրառվում է որպես պատիժ և ճնշման գործիք, իսկ նման գնահատականը բխում է ՄԻԵԴ նախադեպային իրավունքից։
Վերացական և անհիմն է ոչ միայն Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, այլ նաև դրա հետևանքով կիրառված կալանքը։ Այսպես, կալանքի երկարաձգման հիմքում դրվել է «վարույթին խոչընդոտելու հավանականության» վերացական պնդումը, որը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա։ Չնայած չկա այդպիսի հավանականության մասին վկայող գեթ մեկ փաստական տվյալ, սակայն դատարանն անտեսել է նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների (գրավ, տնային կալանք, բացակայելու արգելք) համակցությամբ այդ ենթադրական «մտահոգությունները» փարատելու և գործուն զսպելու հնարավորությունը։
Վերաքննիչ բողոքի շրջանակներում լրացուցիչ հիմնավորումներ են ներկայացվել համակցությամբ այլընտրանքային խափանման միջոցների թույլատրելիության վերաբերյալ, որով նշված «մտահոգությունները» առհասարակ են վերացվում: Ակնկալում ենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Նահապետյանի, խորամուխ կլինի վերաքննիչ բողոքի բոլոր մանրամասներին և կվերացնի անձի ազատության իրավունքի այս ապօրինի, կոպտագույն և տևական խախտումը»։