Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը արկածախնդրության տանել այս ճակատագրական ժամանակահատվածում. Դավիթ Իշխանյանի կոչը
Վաղը` սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության
Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետության նախագահ: Ստեղծված
ոչ սովորական իրավիճակում այս քայլին ենք գնում ամեն օր ավելացող մարտահրավերներին
արագ արձագանքելու, երկրի ներքին կյանքն արդյունավետորեն կազմակերպելու և արտաքին մարտահրավերներին
հավուր պատշաճի դիմագրավելու նպատակով․ ասված է ԱՀ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանի
տարածած հայտարարության մեջ:
Իշխանյանի խոսքով՝ երկրի ղեկավար ընտրելու
իրավունքն ու պարտականությունը Սահմանադրությամբ դրված է Արցախի ժողովրդի կողմից ընտրված
խորհրդարանի վրա:
«Նկատի ունենալով վերջին օրերին հանրային տրամադրություններում
զարգացող որոշակի վտանգավոր միտումները՝ այս պատասխանատու պահին, ինձ վերապահված իրավունքով,
սթափության կոչ եմ անում բոլորին ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին,
չենթարկվել նեղ խմբային շահերին և հանուն ընդհանուր շահի մի կողմ թողնել անձնական նախապատվությունները:
Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության
մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները՝
ի չիք դարձնելու Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները կազմալուծելու Ադրբեջանի
ցանկությունը և որևէ գործողությամբ չպետք է նպաստենք ադրբեջանական հանցավոր նպատակների
իրագործմանը:
Մենք հանձնառու ենք պաշտպանելու և ամրապնդելու
երեք տասնամյակ կերտած պետականության հիմքերը: Դա մեր ժողովրդի ցանկությունն է, կամքը,
և մենք պարտավոր ենք առաջնորդվել այդ պատգամներով»,- գրել է նա։