
Կարող ենք դիմակայել ցանկացած ագրեսիայի` լիարժեք վստահությամբ և կամքով․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության ողջ զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով։
«Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը և Իրանի ժողովուրդը բավականաչափ քայլեր են ձեռնարկել՝ ամրապնդելու իրենց պաշտպանունակությունը, որպեսզի կարողանան դիմակայել ցանկացած ագրեսիայի լիարժեք վստահությամբ և կամքով։ Եթե սպառնալիքներն իրագործվեն, դրանք անպայման կարժանանան արագ, անհապաղ և կոշտ արձագանքի Իրանի ողջ զինված ուժերի կողմից»,- նշել է Բաղային։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։
Դեռևս փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ՝ նրա դեմ ռազմական գործողություններ սկսելու փոխարեն։ Թրամփը նշել է, որ կցանկանար հասնել Իրանի հետ միջուկային խաղաղության «ստուգված» համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին խաղաղ ճանապարհով զարգանալ և բարգավաճել:
Մարտի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որտեղ նշել է, որ կնախընտրեր Թեհրանի հետ համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այնուհետ ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին։ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, մարտի 19-ին հայտնել է, որ Թրամփը, Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին ուղղված նամակում, երկու ամիս ժամկետ է սահմանել նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։
Մարտի 27-ի երեկոյան Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է Օմանով։ Թեհրանը Վաշինգտոնին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ-ին միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարել. բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։