22 Ապր
2025
13.3° c ԵՐԵՎԱՆ
5.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկական Քաշմիրում զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, զոհվել է առնվազն 20 մարդ

Հնդկական Քաշմիրում զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, զոհվել է առնվազն 20 մարդ

Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների խմբի վրա։ Զոհերի և վիրավորների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ․ գրում է BBC-ն։

AFP գործակալությունը, հղում անելով բարձրաստիճան ոստիկանի, հաղորդում է առնվազն 24 զոհի մասին, իսկ հնդկական հեռուստաալիքները նշում են, որ զոհվածների թիվը չի պակասում 20-ից։

Փահալգամը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հայտնի զբոսաշրջային վայր է։ Այն գտնվում է վիճելի տարածքում, որի վրա հավակնում են և՛ Հնդկաստանը, և՛ Պակիստանը, սակայն ներկայումս վերահսկվում է Հնդկաստանի կողմից։ Տարածքի բնակչության մեծամասնությունը մահմեդական է։

Հարձակումը տեղի է ունեցել Բայսարանում՝ լեռնային մարգագետնում, որը գտնվում է Փահալգամ տանող հիմնական ճանապարհից մի փոքր հեռու։ Տեղացիները այս վայրը երբեմն կոչում են «տեղական Շվեյցարիա», և այն հաճախ օգտագործվել է բոլիվուդյան ֆիլմերում։ Այստեղ կարելի է հասնել միայն ոտքով կամ ձիով։

AFP գործակալությանը տված հարցազրույցում տեղի գիդ Վահիդն ասել է, որ, լսելով կրակոցները, շտապել է դեպքի վայր և մի քանի վիրավորների դուրս է բերել ձիով։

«Ես տեսա մի քանի մարդու, որոնք պառկած էին գետնին և մեռած էին թվում», — ասել է նա։

Indian Express-ը, հղում անելով ոստիկանի, գրում է, որ հարձակվողները երկու կամ երեքն են եղել։

Պատասխանատվությունը ստանձնել է քիչ հայտնի զինված խմբավորում՝ «Քաշմիրի Դիմադրություն»-ը։ Նրանք սոցիալական ցանցերում հայտարարել են, որ տարածաշրջանում բնակություն են հաստատել ավելի քան 85 հազար «օտարականներ», ինչն առաջացրել է «դեմոգրաֆիական փոփոխություններ»։ Խմբավորումը սպառնացել է, որ նրանց նկատմամբ, ովքեր «փորձում են ապօրինաբար բնակվել» տարածաշրջանում, կկիրառվի բռնություն։

Տարածաշրջանի ղեկավար Օմար Աբդուլլան X հարթակում գրել է, որ զոհերի թիվը դեռ ճշտվում է, և խոստացել է, որ պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի, երբ իրավիճակը պարզ դառնա։

«Ակնհայտ է, որ այս հարձակումը շատ ավելի լայնածավալ է, քան վերջին տարիներին խաղաղ բնակչության դեմ իրականացված ցանկացած գործողություն», — գրել է նա։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում և իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, սակայն զոհերի թիվը չի հստակեցրել։

Ռազմագերիներ