Դեպի վճռական և պատասխանատու փուլ. Արցախի ինքնորոշման խոչընդոտները հնարավո՛ր է ապամոնտաժել․ Genesis Armenia
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը Արցախի Հանրապետության
հռչակման օրվա կապակցությամբ տարածել է հայտարարություն․
«Արցախի անկախության օրն,
օբյեկտիվորեն, նշում ենք առանց տոնական հանդերձանքի, 10 ամիս շարունակվող ֆաշիստական
շրջափակման, մայր հայրենիքի հետ կյանքի ճանապարհի բացակայության, Արցախում վտանգավոր
և հրահրվող քաոսի, Հայաստանի հանձնվողական իշխանության տապալած դիվանագիտության, ներքաղաքական
անհամերաշխության և անվտանգային փխրուն պայմաններում: Այսօր ավելի քան կարևոր է Արցախում
պետական ինստիտուտների անխափան գործունեությունը, Արցախի հայաթափմանն ուղղված պաշտոնական
Երևանի որդեգրած կուրսի կասեցումը:
Հայրենիքի տարբեր հատվածներում՝ ՀՀ և Արցախի նկատմամբ
Ադրբեջանի չընդհատվող թշնամական և հակահայ գործողությունները գոյութենական խնդրի առջև
են կանգնեցրել մեզ: Անճարակության, անզորության, միֆականացված թշնամուն հանձնվելու,
հայրենիքի ամբողջականության համար պայքարի ոգին կոտրելու, «մեր ժողովուրդն անտարբեր
է» թեզերը հանրայնացնելու փոխարեն, անհրաժեշտ է ուժ գտնել և պատասխանատվության համակարգված
հոլովույթ սահմանել մեր ժողովրդի քաղաքականապես հասուն հատվածների համար՝ լրջմիտ, արժանապատիվ
և հաշվարկված քայլերով՝ արգելակելու պետականության հետևողական անկման գնացքը:
44-օրյա
պատերազմի ընթացքում և դրանից հետո պաշտոնական Երևանի վարած հանձնվողական քաղաքականությունից
հիասթափված և հուսահատված հայկական Սփյուռքը, իր առաքելությանն ու հայրենիքի նկատմամբ
ունեցած բարձր պատասխանատվությանը հավատարիմ, քաղաքական պայքարի վերակենդանացման փարոսն
է վառում և Արցախի ինքնորոշման իրավունքի հրամայականը դարձյալ բերում տարբեր կառավարությունների
և խորհրդարանների օրակարգ: Արցախի և Հայաստանի անվտանգությունը հնարավոր չէ անջատել,
և պաշտոնական Երևանը, ՀՀ Անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված իր պատասխանատվության
շրջանակում, պարտավոր է ամեն կերպ նեցուկ կանգնել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման
հրամայականին:
Սա համահայկական հենց այն օրակարգն է, որի շուրջ էլ բոլորս, անկախ մեր
կուսակցական տոմսի գույնից, գաղափարական կամ քաղաքական պատկանելությունից, պարտավոր
ենք պահել և այն հռչակել որպես համահայկական քաղաքական կոնսենսուս: Զրկանքների, թշնամական
ագրեսիայի, շարունակվող պատերազմի, բլոկադայի, սովի վտանգի պայմաններում անգամ Ստեփանակերտը
մնում է հակամարտության գլխավոր սուբյեկտը: Այս փաստի անտեսումը կամ քարոզչական հակառակ
թեզերի տիրաժավորումը կործանարար է լինելու բոլորիս համար: Հայաստանի փխրուն անվտանգության
փոխակերպումն ու պղտոր տեսլականի հստակեցումը գալու է Արցախից. սա ընդունենք, թե ոչ,
գիտակցենք, թե անտեսենք, քաղաքական ապրիորի ճշմարտություն է: Ինքնորոշման հարցը վաղ
թե ուշ գալու է միջազգային օրակարգ, որը մշակողները (ԱՄՆ, Բրիտանիա, ՌԴ, Չինաստան,
Ֆրանսիա) քաջ գիտակցում են, որքան էլ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները
հենված լինեն պրագմատիկ, տնտեսական ու չոր աշխարհաքաղաքական շահերի վրա:
Արցախը կա,
եղել և լինելու է հայկական: Արցախի մեր հայրենակիցները դյուցազնության, համամարդկային
արժեքների պահպանության, արդարության համար պայքարի և հայկական ոգու ամրության դասեր
են տալիս ամբողջ աշխարհին: Դե՛ն նետենք փափուկ, զեխ և անհոգի կյանքի պատրանքները և
լծվենք համազգային նպատակների իրականացման նվիրական գործին՝ մեր որդիներին ժառանգելու
անվտանգ և զարգացած պետություն: Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության հռչակման օրը։ Պի՛նդ
եղեք»,- ասված է հայտարարության մեջ։