Եթե այս վիճակը երկար շարունակվի, բնակչությունը սովամահ կլինի․ Դավիթ Բաբայան
Արցախում սովամահության դեմ պայքարի ծրագիրը կա. այս մասին ABC
Мedia-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Ծրագիրը կա, ուղղակի այս վիճակում պետք է մի ձև գոյատևենք։ Շատ
բարդ է, բայց եթե երկար շարունակվեց, իսկապես սովամահ կլինի բնակչությունը»,-նշեց Բաբայանը։
Անդրադառնալով Արցախում երեկվանից իրականացվող
ակցիաներին և ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի մուտքը փակելուն՝ Բաբայանը նշեց․
«Բազմիցս ասել եմ, որ ցանկացած ակցիա՝ հատկապես քաղաքական բնույթի, պետք է ուղղորդվի
և կազմակերպվի պետության կողմից։ Միևնույնն է, վերջում պատասխանատուն պետությունն է
լինելու, դրա համար, որպեսզի այլ խնդիրներ չլինեն, պետությունը պետք է կազմակերպի ակցիաները։
Ես միշտ ասում եմ, որ անձնական պատասխանատվություն պետք է լինի այս կամ այն նախաձեռնության
համար։ Եթե որոշ մարդիկ ինչ-որ նախաձեռնությամբ են հանդես գալիս, բնականաբար, լավ ավարտ
ունենալու պարագայում պետք է խրախուսել, բայց վատ ավարտի դեպքում անձնական պատասխանատվություն
պետք է լինի։ Մենք այն վիճակում չենք, որ մեզ ամեն ինչ թույլ տանք»։
Հարցին՝ արդյոք ակցիայի մասնակցիները ճարահատյալ չեն գնո՞ւմ
այդ քայլին, քանի որ պետության կողմից իրականացվող որևէ գործողություն չեն տեսնում,
Բաբայանը պատասխանեց․ «Հասկանում եմ, բայց․․․ եթե պետությունն է կազմակերպում՝
սա ավելի հստակ է։ Հազար ու մի խնդիր կա»։