
Սուդանում մղձավանջը շարունակվում է. հակաիշխանական խմբավորման անդամները մտել են հիվանդանոց ու սպանել 460 մարդու
Հոկտեմբերի վերջին Սուդանի կառավարական բանակի դեմ կռվող «Արագ արձագանքման ուժեր» կիսառազմական խմբավորումը գրավել է Ալ-Ֆաշիր քաղաքը։ Այն երկրի արևմուտքում գտնվող Հյուսիսային Դարֆուր շրջանի մայրաքաղաքն է և գրեթե մեկուկես տարի պաշարման մեջ էր։ Դրանից օրեր անց մարդու իրավունքների պաշտպանները հայտնել են, որ մի քանի հարյուր մարդ է սպանվել Ալ-Ֆաշիրի գլխավոր հիվանդանոցում․ գրում է meduza.io-ն։
«Սուդանի բժիշկների ցանց» ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ խմբավորման անդամները «սառնասրտորեն սպանել են» հիվանդանոցում գտնվող բոլորին, այդ թվում՝ հիվանդներին և նրանց ուղեկցողներին։ Ավելին, նրանք իրենց հետ տարել են չորս բժշկի, մեկ դեղագործի և մեկ բուժքրոջ։ Բժիշկների ցանցը հայտարարել է, որ նրանց ազատ արձակման համար պահանջվում է ավելի քան 150,000 դոլար փրկագին։ Կազմակերպությունը չունի զոհերի ճշգրիտ թիվ, բայց նշել է, որ քաղաքի գրավումից հետո բժշկական հաստատությունները «վերածվել են սպանդանոցների»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը հայտարարել է, որ հիվանդանոցում սպանվել է ավելի քան 460 մարդ։
Ալ-Ֆաշիրի պաշարումը տևել է մեկուկես տարի: 2025 թվականի փետրվարից ի վեր, սովի և ծանր հրետակոծությունների պատճառով, քաղաք մարդասիրական օգնության մատակարարումները կասեցվել են, իսկ սննդի և բժշկական պարագաների պաշարները՝ գրեթե ամբողջությամբ սպառվել: Մինչդեռ, այնտեղ մնացել է մոտ 260,000 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 130,000 երեխա: Շատերի համար քաղաքի գլխավոր հիվանդանոցը դարձել էր նրանց վերջին ապաստանը:
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով նախկին ներկայացուցիչ Յան Էգելանդն Ալ-Ֆաշիրն անվանել է «Երկիր մոլորակի վրա ամենավատ վայրը»։
«Բոլոր ամիսների զրկանքներին, սովին և բժշկական օգնության բացակայությանը գումարվել են նաև զանգվածային սպանությունները։ Սա աշխարհի ամենամեծ մարդասիրական ճգնաժամն է, որին ամենաքիչ ուշադրությունն է դարձվում», – ասել է նա։


