
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը, քանի դեռ առևտրային թռիչքների տարբերակները հասանելի են
Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Լիբանանում անվտանգության իրավիճակին: Ըստ դեսպանատան հայտարարության՝ անվտանգության միջավայրը մնում է բարդ և կարող է արագ փոխվել:
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Լիբանանը, քանի դեռ առևտրային թռիչքների տարբերակները հասանելի են: Մենք խորհուրդ ենք տալիս Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, որոնք որոշում են չմեկնել, պատրաստել արտակարգ իրավիճակների համար նախատեսված ծրագրեր և հետևել նորություններին` կարևոր զարգացումների համար», – նշվում է հայտարարությունում:
Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, որ Լիբանանում ահաբեկչության և առևանգման շարունակական ռիսկեր կան:
ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն ցույցերից կամ որևէ մեծ հավաքներից, քանի որ դրանք, առանց որևէ նախազգուշացման, կարող են արագ վերաճել բռնության:


