
Աշխատանքային սթրեսը տարեկան սպանում է 840․000 մարդու․ ՄԱԿ
ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) նոր զեկույցի համաձայն՝ ամեն տարի ավելի քան 840․000 մարդ մահանում է աշխատավայրում հոգեսոցիալական ռիսկերի հետ կապված առողջական խնդիրներից․ գրում է Euronews-ը։
Աշխատանքի հետ կապված հոգեսոցիալական ռիսկերը հիմնականում կապված են սրտանոթային հիվանդությունների և հոգեկան առողջության խանգարումների, այդ թվում՝ ինքնասպանության հետ. նշվում է զեկույցում։
Ամենատարածված խնդիրներից են դեպրեսիան, տագնապային խանգարումները, գերհոգնածությունը, քնի խանգարումները և հոգնածությունը։
Նշվում է, որ աշխատավայրում խնդիրների պատճառով ծխելը, ալկոհոլի օգտագործումը, չափից շատ ուտելը և ֆիզիկական անշարժությունը կարող են հանգեցնել ճարպակալման, արյան բարձր ճնշման և այլ քրոնիկ հիվանդությունների։
Զեկույցն աշխատողների առողջության վատթարացման հիմնական պատճառներից է համարում երկար աշխատանքային ժամերը, աշխատավայրում լարվածությունը, աշխատանքի ծավալների և պարգևատրման անհավասարակշռությունը։
Գործակալության գնահատականներով՝ ամբողջ աշխարհում մարդկանց 35%-ն աշխատում է շաբաթական 48 ժամից ավելի։
Գործակալությունը կոչ է անում աշխատավայրերում ուշադրություն դարձնել աշխատանքի կազմակերպմանը և կառավարմանը՝ ներառյալ աշխատանքային ծանրաբեռնվածության կազմակերպմանը, դերերի և աշխատանքային ժամերի բաշխմանը։


