
Եթե Հորմուզը փակ մնա, աղբի տոպրակներից մինչև դեղագործական արտադրանքի գները կբարձրանան․ BBC
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Արաղչին նախկինում այցելել է Պակիստան և Օման՝ երկրներ, որոնք միջնորդել են ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունները: Միևնույն ժամանակ՝ լրատվամիջոցների հաղորդագրությունները նշում են, որ Թեհրանն առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը և դադարեցնել պատերազմը՝ հետաձգելով միջուկային բանակցությունները․ գրել է BBC-ին։
Ինչպես նշվել է, Սանկտ Պետերբուրգն Արաղչիի երրորդ կանգառն է․ նա փնտրում է պատերազմը դադարեցնելու դիվանագիտական լուծում: Ուրբաթ նա մեկնել էր Պակիստան, որտեղ պետք է ժամանեին նաև ամերիկացի բանակցողները՝ ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Axios-ի աղբյուրներին հղում անելով՝ Արաղչին Պակիստանի, Օմանի, Թուրքիայի և Քաթարի միջնորդներին տեղեկացրել է, որ Իրանի ղեկավարությունը միասնական դիրքորոշում չունի այն մասին, թե ինչպես արձագանքել ԱՄՆ-ի պահանջներին՝ ուրանի հարստացումը 10 տարով դադարեցնելու վերաբերյալ։ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին փոխանցել նոր առաջարկ՝ բացել Հորմուզի նեղուցը, վերացնել նավահանգստի շրջափակումը և կամ բանակցել երկարաժամկետ հրադադարի շուրջ, կամ դադարեցնել պատերազմը՝ նախքան Իրանի միջուկային ծրագրի վերանայումը։
Իսլամաբադում ԱՄՆ-Իրան հանդիպման չեղարկումից հետո նավթի գները կրկին բարձրացել են։ Brent նավթի գինը բարձրացել է գրեթե 2%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 107.26 դոլարի։
Իրանի հետ պատերազմում հրադադարի երկարաձգումից ի վեր Brent նավթի գինը բարձրացել է ավելի քան 10%-ով։
Սինգապուրի կառավարման համալսարանի տնտեսագետ Գուո Ցզին Ռոնգի խոսքով՝ նավթի առևտրականները, կարծես, մեծ մասամբ չեն արձագանքում նորություններին և սպասում են «հավաստի» ապացույցների, որ հակամարտությունն ավարտվում է։
BNP Paribas-ի ռազմավար Սոֆի Հոյնը համարում է, որ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը, որի միջով խաղաղ ժամանակ անցնում էր աշխարհի հում նավթի և հեղուկ բնական գազի մոտ 20%-ը, կարող է հանգեցնել ապրանքների լայն տեսականու գների բարձրացման՝ «աղբի տոպրակներից մինչև դեղագործական արտադրանք»։
«Կարծում եմ՝ մենք թերագնահատում ենք նավթի պակասի ազդեցությունն ապրանքների լայն շրջանակի վրա», – նշել է նա BBC-ի հետ զրույցում։


