21 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախընտրական ցայտնոտի դրսևորում է ու քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ․ ԲՀԿ-ն՝ Փաշինյանին հայտարարության մասին

Նախընտրական ցայտնոտի դրսևորում է ու քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ․ ԲՀԿ-ն՝ Փաշինյանին հայտարարության մասին

Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում այսօր տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց. երկրի գործող վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարում է, որ երեկոյան՝ հաջորդ հանրահավաքի ժամանակ, տալու է ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի թեկնածուի անունը, որի հանդեպ ԱԱԾ պետք է գործ հարուցի. ասված է ԲՀԿ-ի հայտարարությունում։

«Ժամեր անց, մեկ այլ հանրահավաքում հնչեցնում է Անդրանիկ Թևանյանի անունը։ Իրավական պրակտիկայի տեսանկյունից սա աբսուրդ է և նախադեպ չունեցող վարքագիծ։ Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլև խախտելով իրավական պրակտիկայի և միջազգային փորձի տրամաբանությունը։

Անդրանիկ Թևանյանի ամբողջ գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ, նա գործել է բաց՝ իր սկզբունքներին և արժեհամակարգին համապատասխան։ Նրա բոլոր քայլերը մշտապես եղել են հանրության աչքի առջև։

Մենք սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ։

Այս քայլերը, մեծ հաշվով, նախընտրական պրոցեսի գնահատականն են. իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։ Սա հակաօրինական է և անարգանքի դրսևորում է ամբողջ քաղաքական դաշտի և ընտրողի հանդեպ։ Կոչ ենք անում իրավապահ համակարգին՝ ծառայել բացառապես օրենքին և չենթարկվել քաղաքական պատվերների։

Հիշեցնենք, թե պաշտոնավարման ընթացքում քանի´ հոգու է Նիկոլ Փաշինյանը կարգել որպես տարբեր մասշտաբների հանցագործ՝ կալանավորելով և ապօրինի քրգործեր հարուցելով։ Մարդիկ հետագայում արդարացվել են՝ հանցակազմի բացակայության պատճառով, սակայն իրավապահ համակարգը և մարդկային կյանքերը կրել են անդառնալի հետևանքներ։

Հանրությունը շատ լավ գիտի նման հայտարարությունների իրական արժեքը և պատճառները։ Ցանկացած զարգացման պարագայում մենք լինելու ենք մեր թիմակցի կողքին։ Անկախ բոլոր հարվածներից, ուժային և տեղեկատվական տեռորից, ԲՀԿ վստահորեն շարունակելու է իր նախընտրական արշավը, որը ենթադրում է ուղիղ, բաց երկխոսություն հասարակության հետ, ծրագրային քննարկումներ ժողովրդին հուզող բոլոր հարցերի շուրջ։ Մեր նպատակը երկրում ներքին համերաշխության հաստատումն է, կայունությունը, երաշխավորված խաղաղությունը, մեր քաղաքացիների բարեկեցությունը և Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը։

Վստահաբար, սրանք են լինելու հունիսի 7-ից հետո ձևավորվելիք նոր իշխանության առաջնահերթությունները»,- նշված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026