
Հյուրընկալ Արցախ. հուշեր ամենահամով ժենգյալով հացի ու երերացող խաղաղության մասին
2018 թվականն էր։ Քարվաճառի «Միջնաբերդ» թատերախումբ իր ստեղծագործական ծաղկումն էր ապրում։ Քարվաճառցի պատանիներից կազմված թատերախումբը բեմադրում էր «44 աստիճանի վրա» հայրենատիրական ներկայացումը։ Հայրենիքին վերջին ուժերով ու ազնվությամբ տեր կանգնելու մասին սյուժեն ու քարվաճառցի պատանիների անկեղծ խաղը հասցրել էր հուզել քարվաճառցի հանդիսատեսին։ Քարվաճառում ապրող, ծնունդով Մաղավուզից Վարսիկը տվեց ներկայացման ամենակարևոր գնահատականը. «Այս ներկայացումը պետք է խաղաք նաև իմ հայրենի գյուղում»։ Մեր թատերախումբը միշտ պատրաստ էր հյուրախաղերի։ Արագ կազմակերպեցինք մեր այցելությունը դեպի Մաղավուզ։ Քարվաճառի շրջվարչակազմի ՈՒԱԶ-ը մեր ուրախ խմբին ու դեկորները բարեհաջող հասցրեց Մարտակերտի շրջան։
Մաղավուզում մեզ սպասում էին Վարսիկի ընտանիքն ու ամբողջ գյուղը։
Արցախյան հյուրընկալությանը վաղուց էի ծանոթ. իրական, անպաճույճ, ամենամարդկային հյուրասիրությանը։ Մաղավուզում պիտի տեսնեի արցախյան հյուրընկալության ամբողջական պատկերը։
Օրն սկսվեց կյանքումս երբևէ կերած ամենահամով ժենգյալով հացով։ Վարսիկի մայրիկը անթիվ-անհամար քանակությամբ ժենգյալով հաց էր թխում. լիքը կանաչիների նուրբ համադրված համով, թթվաշ, ձիթայուղով ու սիրով շաղախված։ Այդքան համով ժենգյալով հաց էլ որևէ անգամ չի հանդիպել։ Ափսեով ու անձեռոցիկով ժենգյլալով հաց ուտելու մեր հուսահատ փորձերին ներողամտորեն արձագանքեց. «Ժենգյալավ հացը պիտի ծոր տա»։
Գյուղի դպրոցում մեզ էին սպասում համայնքի բնակիչները։ Ներկայացումը հաջող ստացվեց. պատանի դերասանները խաղում էին մեծ պատասխանատվությամբ։ Սահմանին ծվարած Մաղավուզում մեծ էր պատասխանատվությունն ասելու, որ քո գյուղից ավելի լավ տեղ այս երկնքի տակ չկա։
Երեկոյան, մեր հյուրախաղից գոհ, խաղաղ նստած էինք Վարսիկենց բակում։
Խաղաղությունը Մաղավուզում շատ երերուն էր։ Այստեղ գրեթե տուն չկար, որ Արցախյան առաջին պատերազմին զոհ տված չլիներ։ Վարսիկենց տունն էլ բացառություն չէր..․
Հեռավոր այդ երեկո, որ հիմա երազ է թվում, Քարվաճառի «Միջնաբերդ» թատերախումբը Մարտակերտի Մաղավուզ գյուղում քննարկում էր հաջորդ հյուրախաղի նախագիծը։
Երկինքը խաղաղ էր. խաղաղությունը վաստակել էին գյուղի անմահացած զինվորները, պատանիները վստահ էին իրենց վաղվա օրվան, իսկ ժենգյալով հացն աշխարհի ամենահամովն էր…
Թամարա Գրիգորյան


