
Չեմ զարմանա, որ վաղը գլոբուսը գլխին դրած հայտնվի ինչ-որ վայրում․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին
Գիտե՞ք, սրտիկներով պետություն չեն կառուցում, սրտիկներով իսկապես մարդկանց ուզում է խաբել։ Բայց այս մարդը «գցել» է ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը բոլոր այս ուղղություններով՝ անվտանգություն, ինքնություն, Եկեղեցի, հայկականություն, «գցել» է հայ ժողովրդին։ Քաղաքական խարդախ է այս մարդը՝ ոտքից գլուխ․ Սյունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հիմա էլ Հայաստանի քարտեզը կրծքին դրած՝ չգիտեմ՝ ինչ է քարոզում։ Չեմ զարմանա, որ վաղը գլոբուսը գլխին դրած հայտնվի ինչ-որ հանդիպումների վայրում»,-ասաց նա։
ՀՀ 2-րդ նախագահի խոսքով՝ Փաշինյանը շատ է նման Միխեիլ Սաակաշվիլիին։
«Ես այդ համեմատությունը մեկ-երկու անգամ արել եմ ուրիշ թեմաների շուրջ, բայց շատ է նման, ուղղակի հրահրի, վիճակը սրի, աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնի, հետո, օրինակ, ռուսների հետ հարաբերությունները փչացնի․․․Անձնական օգուտ են քաղում, բայց ժողովրդի գլխին փորձանք են բերում»,-ասաց նա։
Ըստ նրա՝ հիմա էլ ժողովրդին ուզում են համոզել, որ զրոյից բանակ է ստեղծել։
«Մի հիմար արտահայտություն օգտագործվեց, երեկ ասաց՝ ավերակ բանակ է ինքը իբրև ժառանգել։ Այդ ի՛նքն է սարքել ավերակ, մենք ունեցել ենք մարտունակ բանակ, և ինքը սարքել է ավերակ, հիմա ավերակ սարքելու համար փորձում է մեղադրել նրանց, ով այդ բանակը ստեղծել է։ Եվ իմ կոչը՝ չխաբվե՛ք, այս մարդը խաբելու չեմպիոն է, իսկապես չեմպիոն է, այստեղ մենք չենք կարող մրցել»։
Նրա խոսքով՝ այժմ ժամանակն է զգաստանալու․ «Մենք պետք է հասկանանք, որ ունենք այդ հնարավորությունը կանխելու այս ամենը, մենք ունենք հնարավորություն ամրապնդելու մեր ինքնիշխանությունը, ամրապնդելու մեր բանակը։ Արել ենք ժամանակին, անելու ենք և հիմա»։


