
Սևանում հայտնաբերվել են որպես անհետ կորած որոնվող 6-ամյա երկու տղաները․ Shamshyan.com
Այսօր՝ մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում 3 ժամից ավելի է՝ որոնում են գյուղի երեխաներին․ գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և այդ գյուղի բնակիչները որոնում են տղա երեխաներ Ա․-ին և Մ․-ին։ Որոնողական աշխատանքներին միացել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Սանթուր Դուրգարյանի հանձնարարականով քրեական ոստիկանները։ Գյուղ են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտ 10 փրկարարներ։
Սևանի համայնքային ոստիկանները, Գեղարքունիքի քրեական ոստիկանները, պարեկներն ու փրկարարները մի քանի ժամ որոնողական աշխատանքներ են իրականացրել տարբեր հատվածներում, և ժամը 20։10-ի սահմաններում փրկարարներն ու պարեկները երեխաներին ողջ և առողջ հայտնաբերել են գյուղի մանկապարտեզի ննջասենյակներից մեկում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոնվող երեխաները հորեղբոր տղաներ են։


