10 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջրային սթրեսի շեմին․ Թուրքիան առաջիկայում կարող է վերածվել սահմանափակ ջրային ռեսուրս ունեցող երկրի

Ջրային սթրեսի շեմին․ Թուրքիան առաջիկայում կարող է վերածվել սահմանափակ ջրային ռեսուրս ունեցող երկրի

Թուրքիան, չնայած իր ջրային զգալի ռեսուրսներին, ջրային պաշարներով հարուստ երկրների շարքին չի դասվում և առաջիկա տարիներին կարող է հայտնվել սահմանափակ ջրային ռեսուրսներ ունեցող երկրների թվում. գրում է Ermenihaber.am

«Թուրքիայի պետական ջրային տնտեսության գլխավոր վարչության (DSİ) և Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների համաձայն՝ երկրի 78 միլիոն հեկտար (հա) ընդհանուր տարածքի մոտ 24 միլիոն հեկտարը կազմում են մշակելի գյուղատնտեսական հողերը։ Թուրքիան մինչև 2028 թվականի վերջ նախատեսում է ոռոգելի դարձնել 7․85 միլիոն հեկտար տարածք։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմել է 86 միլիոն 92 հազար 168 մարդ։ Մեկ շնչին բաժին ընկնող ջրային պաշարը տարեկան կազմում է 1301 խորանարդ մետր (խմ), ինչը զգալիորեն ցածր է ջրային պաշարներով հարուստ երկրների համար սահմանված 1700 խմ շեմից։

Կիսաչոր կլիմայական պայմաններ ունեցող Թուրքիայում տարեկան տեղումների ծավալը գնահատվում է 450 միլիարդ խմ։ Միաժամանակ երկրի տեխնիկապես և տնտեսապես օգտագործելի ջրային ներուժը կազմում է 112 միլիարդ խմ։

Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի ջրամբարների ընդհանուր պահեստավորման ծավալը ներկայում հասնում է 183․82 միլիարդ խմ-ի, իսկ ոռոգվող տարածքների մակերեսը կազմում է 7,28 միլիոն հա։

Բնակչության շարունակական աճն ու կլիմայական փոփոխությունների ազդեցությունը կարող են խորացնել ջրային ռեսուրսների սղությունը։ Այդ պատճառով Թուրքիայի իշխանությունը հետևողական կառուցում է նոր ջրամբարներ և ջրի պահեստավորման համար նորագույն ենթակառուցվածքներ՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ և բազմակողմանիորեն օգտագործել ջրային ռեսուրսները։

Այս քաղաքականության կարևոր բաղադրիչներից է «Հարավարևելյան Անատոլիայի» նախագիծը (GAP), որը Թուրքիայի խոշորագույն տարածաշրջանային զարգացման ծրագրերից մեկն է։ Ծրագրի շրջանակներում Եփրատ և Տիգրիս գետերի ավազաններում կառուցվել են բազմաթիվ ջրամբարներ, հիդրոէլեկտրակայաններ և ոռոգման համակարգեր։ GAP-ը միաժամանակ ծառայում է էներգետիկ, գյուղատնտեսական և սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին՝ զգալիորեն մեծացնելով Թուրքիայի հնարավորությունները ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։

Պետք է ընդգծել, որ ջրային ռեսուրսների կառավարումը Թուրքիայի համար ունի ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն։ Երկիրը վերահսկում է տարածաշրջանի մի շարք խոշոր գետերի՝ մասնավորապես Եփրատի, Տիգրիսի և Արաքսի վերին հոսանքները, ինչը ջրի հարցը դարձնում է նաև հարևան երկրների հետ հարաբերությունների կարևոր բաղադրիչ»,- նշում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026