
Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ սույն թվականի հունիսի 5-ին քննչական կոմիտեի կողմից հարուցված հանրային քրեական վարույթի վերաբերյալ, որը հանրայնացվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:
«Անդրադառնալով կոմիտեի հերթական, հապճեպ կազմված մեղադրանքին՝ հարկ ենք համարում նշել, որ ձերբակալման մասին որոշումը ակնհայտ անհիմն է ու ապօրինի` ուղղված նախընտրական և հետընտրական գործընթացներում հնարավոր շահարկումներին և բռնաճնշումներ իրականցնելուն: Նշենք, որ նախաքննական մարմինը երկու անգամ ձերբակալման որոշմամբ և ԱԱԾ աշխատակիցների հետ այցելել է Գագիկ Խաչատրյանի բնակարան բերման ենթարկելու նպատակով, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջական ծայրահեղ ծանր վիճակը, որը փաստել են նաև Շտապ օգնության բուժանձնակազմը, թույլ չի տվել ներկայացնել նախաքննական մարմնին։ ԱԱԾ բիրտ գործողությունների արդյունքում Գագիկ Խաչատրյանը պատգարակի վրա ներկայացվել է քննիչին, որից հետո տեղափոխվել է դատարան խափանման միջոցի քննությանը մասնակցելու համար։ Այս ընթացքում նա եղել է շտապ օգնության բժիշկների հսկողության տակ և որոշ դեպքերում ի վիճակի չի եղել պատասխանել քննիչի կամ դատավորի հարցերին։ Երկու դեպքում էլ տարբեր դատավորներ, մերժել են քննիչի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը։ ԸՆդ որում, ընդգծենք, որ առաջին մեղադրանքով կալանավորման միջնորդությունը մերժելուց հետո Գագիկ Խաչատրյանը պետք է անհապաղ ազատ արձակվեր, սակայն ԱԱԾ աշխատակիցները շարունակել են արգելանքի տակ պահել նրան այնքան ժամանակ, մինչև դատախազությունը և քննչական մարմինը նոր անհիմն մեղադրանք են ներկայացրել և կրկին միջնորդել, որ դատարանը կալանավորի նրան։ Սակայն երկրորդ անգամ դատարանը կրկին մերժել է կալանքի միջնորդությունը։
Պետք է արձանագրել, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացվել է խոշտանգում՝ ուղեկցված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով։ Սրա վերաբերյալ փաստաբանական թիմը դիմել է ՄԻԵԴ անհապաղ քննության առնելու և իրավական գնահատական տալու վերաբերյալ։
Հայտնի է, որ Գագիկ Խաչատրյանը գտնվում է ստացիոնար բժշկական խնամքի տակ` խիստ սահմանափակ տեղաշարժի հնարավությամբ, որն արդեն իսկ հաստատված է դատաբժշկական փորձաքննության արդյունքներով: Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի գնահատման նպատակով իրականացված վերջին դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն նրա մոտ ախտորոշվել են մի շարք հիվանդություններ, որոնցից հիմնական հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ է վիրահատություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել և պետք է իրականացվի Գերմանիայի Դաշնությունում։ Եվ քանի որ Գագիկ Խաչատրյանին մինչ օրս թույլ չեն տվել մեկնել Գերմանիա՝ բուժումը ստանալու համար, ուստի, նրա առողջական վիճակը խիստ վատթարացել է։
Դեռևս 2024 թվականին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից վարույթ ընդունված քրեական գործով դատական նիստերը մինչ օրս չեն կայանում` Գագիկ Խաչատրյանի առողջական խնդիրների և շարժունակության անհնարինության պատճառով, իսկ բժշկի ուղիղ ցուցումները անհապաղ վիրահատության անհրաժեշտության մասին անտեսվում են քննչական մարմնի ու դատախազության կողմից` այսպիսով իրական վտանգ ստեղծելով վերջինիս կյանքի և առողջության համար, նվաստացնելով նրա արժանապատվությունը: Փաստաբանների բազմաթիվ միջնորդությունները արտասահմանում Գագիկ Խաչատրյանի բուժում ստանալու այնուհետև վերադառնալու ու մասնակցելու դատական նիստերին, մշտապես մերժվել են քննիչի ու դատախազի կողմից։
Այս պայմաններում, մարդու սահմանադրական իրավունքների կոպտագույն խախտումներով, մարդու կյանքի և առողջության համար ակնհայտ սպառնալիքներ ստեղծելով, Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան անձի նկատմամբ խոշտանգում, որի մասին բազմիցս ահազանգել է փաստաբանական խումբը:
Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին նախաքննական մարմինը նպատակադրվել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել առանց հիմնավորումների այսպես ասած ներքին համոզմունք ունենալով, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է հանցագործությունը։
Ընդգծենք նաև, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի վերաբերյալ՝ մեղադրանքի հիմքում դնելով, որ վերջինս 2019 թվականին քննվող քրեական գործի հետ առնչություն ունի, սակայն փաստում ենք, որ Արտյոմ Խաչատրյանը, որևէ առնչություն չունի և այս քրեական հետապնդումը նպատակ ունի բռնաճնշումներ կիրառել Խաչատրյանների ընտանիքի նկատմամբ։
Հենց այդ մեղադրանքով էլ Դատարանը այսօր անհիմն կերպով բավարարել է Արտյոմ Խաչատրյանի կալանավորման միջնորդությունը։ Եվ դա այն դեպքում, որ նրան վերագրված դեպքի կապակցությամբ նախաքննությունն իրականցվել է դեռևս 2019-2020 թվականներից և դեռևս այն ժամանակ այս առումով որևէ հանցագործության դեպք չէր հայտնաբերվել, իսկ ընտրություններից մի քանի օրս առաջ այդ նույն դեպքը հանկարծ անօրինական կերպով վերածվեց հանցագործության միայն այն պատճառով, որպեսզի վերը նշված անձինք կալանավորվեն։
Տեղեկացնենք, որ Արտյոմ Խաչատրյանը մայիսի 30-ից գտնվում է արտերկրում, որտեղ իրականացված բժշկական հետազոտության արդյունքներով նրան բժշկական ցուցում է տրվել մինչև հունիսի 19-ը չլքել բուժհաստատությունը և անցնել հիմնավոր բուժում, որոնց մասին փաստաթղթերը առկա են և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին, սակայն այս հիմնավոր փաստաթղթերը նույնպես նախաքննական մարմնի համար հիմք չեն հանդիսացել և ապօրինաբար միջնորդություն է ներկայացվել դատարան Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ նույնպես կիրառել կալանքը, որպես խափանման միջոց։ Գործի քննությունը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին, ում վերաբերյալ, 11․06․2026 Կառավարության նիստից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արամ Գրիգորյանը մեկ այլ հանրային հնչեղություն ունեցող գործով կայացրել է արդարացման դատավճիռ և համոզմունք է հայտնել, որ այդ դատավճիռը կայացվել է կաշառքի դիմաց։
Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին Դատարանի անհիմն որոշումը, բնականաբար, կբողոքարկվի վերանքնիչ դատարան, իսկ մինչ այդ, կոչ ենք անում ու հորդորում ենք արդարադատություն իրականացնող մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակում և չտրվել քաղաքական իշխանության այսպես կոչված սադրանքներին»։


