29 Հնս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հենց բոլորը տեղափոխվեցին, 4-րդ կարգի վթարային շենքերը միանգամից պիտի քանդվեն․ Տիգրան Ավինյանը՝ Արզումանյան փողոցի ու Արցախի պողոտայի վթարային շենքերի մասին

Հենց բոլորը տեղափոխվեցին, 4-րդ կարգի վթարային շենքերը միանգամից պիտի քանդվեն․ Տիգրան Ավինյանը՝ Արզումանյան փողոցի ու Արցախի պողոտայի վթարային շենքերի մասին

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց Երևանի Արզումանյան փողոցի համար 10 և համար 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի մասին։

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը նշեց, որ ծրագիրը մեկնարկել է դեռևս 2023 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում, որի ներքո երկու վթարային շենքերը պետք է ապամոնտաժվեին և դրանց փոխարեն պետք է կառուցվեին նոր բազմաբնակարան շենքեր, և սեփականատերերը պետք է ստանային համարժեք փոխհատուցում։

«Օտարման գործընթացները փաստացի մեկնարկել են դեռևս 2024 թվականի մայիսից, և մենք, ըստ էության, փաստորեն գրեթե 2 տարի գտնվել ենք բավականին ինտենսիվ և ծանր, երբեմն շատ լարումներով, բողոքներով բանակցային պրոցեսի մեջ, և այս պահի դրությամբ ունենք 76 միավորից արդեն իսկ կնքված 66 գույքի պայմանագիր, այսինքն՝ օտարման գործընթացը մոտ 87%-ով ավարտված է։ Եվ լավ լուրն այստեղ այն է, որ մենք մի շենքի գծով, այսինքն՝ 10 շենքի գծով գրեթե ամբողջությամբ ավարտում ենք օտարումը, մնացել է 17 շենքը»,-ասաց պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝  եղել են դատավարական գործընթացներ․ «Մենք վստահ ենք, որ նոր օրենսդրության կարգավորումների շրջանակում մենք ավելի էֆեկտիվ պրոցես կունենանք օտարման մասով»։

Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց «դրական լուրի» համար և անդրադարձավ Արցախի պողոտայի վթարային շենքերին։

Նշվեց, որ բնակիչները սպասում են շենքերի կառուցմանը, և որ այս տարի լրանում է պայմանագրերի կնքման 3 տարին։

«Հենց բոլորը տեղափոխվեցին, 4-րդ կարգի վթարային շենքը միանգամից պիտի քանդվի»,-ասաց Ավինյանը՝ հավելելով․ «2000-ականների փորձը շատ վատ փորձ է եղել այդ առումով, մարդկանց շենքերից տեղափոխել են, բնակարաններ են հատկացրել, ու նոր մարդիկ են հայտնվել այն շենքում, որը որ պետք է քանդվեր, և հետևապես՝ սա շատ կարևոր է, այսինքն՝ մենք պետք է քանդված տեսնենք այդ չորրորդ կարգի վթարային շենքերը»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026